Գյումրիում բացվեց քաղաքի պատմության նոր թանգարանը, ներկայացված է մոտ 2000 եզակի ցուցանմուշ
Այսօր մշակութային ևս մեկ կենտրոն ավելացավ թանգարաններով հարուստ քաղաքում։ Քաղաքապետարանի կիսանկուղային հարկում բացվեց մշակութային կենտրոն։ Բոլոր հյուրերի ու զբոսաշրջիկների առջև բաց կլինեն քաղաքի պատմության թանգարանի դռները, որտեղ առաջին անգամ ցուցադրության են հանվել տարիներով պահոցներում թաքնված ալեքպոլյան ժամանակաշրջանի մոտ 2000 ցուցանմուշներ։
«Սրահում առաջին անգամ ցուցադրության ենք ներկայացրել այն հին լուսանկարչական սարքերը, որոնցով քաղաքի հայտնի լուսանկարչատները 19-ից 20-րդ դարն աշխատել են: Բոլոր սարքերն աշխատող են։ Հավաքածուն գնվել է Մկրտիչ Փալանջյանից, ով քաղաքում հայտնի ամենահին՝ «Փալանջյան» լուսանկարչատան սեփականատերերի ժառանգն է»,-նշում է Ինգա Ավագյանը:
Թանգարանի ամենահին ցուցանմուշը ցլանման քարե գտածոն է, ինչն էլ վկայում է, որ քաղաքն ունի մոտ 6000 ու ավելի տարվա պատմություն։ Թանգարանի առանձնացված բաժիններից մեկում ներկայացված են նաև ալեքպոլյան ժամանակների քաղաքագլխի աշխատասենյակն ու փաստաթղթերը։
Այստեղ են տեղափոխվել նաև գյումրեցի հայտնի կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի ռեստավրացված ռոյալը, ձեռագիր նոթատետրերը և Նիկողայող Տիգրանյանին ուղղված Կոմիտաս Վարդապետի մակագրությամբ ձեռագիր գրություններն ու անձնական իրերը:
Comments