Search

Գյումրիում ամփոփվեցին Երևանի օրերը

2019 թվականն աննախադեպ էր մշակութային մի շարք նախաձեռնություններով: Հոբելյանական ու տոնական միջոցառումների աշխարհագրությունը մեծ էր, նպատակը՝ Երևանում ծնվող մշակույթը Հայաստանի մարզերում ու երկրի սահմաններից դուրս հասանելի դարձնելը: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած մշակութային ծրագրի վերջին փուլը Գյումրիում էր:

*** Նոյեմբերի 8-10-ը Հայաստանի մշակութային մայրաքաղաքի շնչին միախառնվել էր երևանյան շունչը: Երեք օր շարունակ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը լեփ-լեցուն էր, հանդիսատեսը յուրօրինակ ջերմությամբ էր դիմավորում Երևանից եկած արտիստներին։

*** Մշակութային ուիքէնդը Գյումրիում սկսեց նոյեմբերի 8-ին՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբիևՀայաստանի պետական կամերային նվագախմբի համերգով:

*** Նոյեմբերի 9-ին Գյումրու թատրոնի բեմը Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասաններինն էր: Պատմական իրողության հենքի վրա Պերճ Զեյթունցյանի «Փարիզյան դատավճիռ» ներկայացման ավարտին հանդիսատեսին անակնկալ էր սպասվում. բեմ բարձրացան պիեսի հերոսների նախատիպերը՝ իրական հերոսներ Վազգեն Սիսլյանն ու Հակոբ Ջուլֆայանը:

*** «Երևանի օրերը Գյումրիում» մշակութային ծրագրով կայացավ նաև Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի «Անխելք մարդը» ներկայացումը:

*** Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի ջազ-նվագախմբի սաներն էլ Դավիթ Գյոդակյանի ղեկավարությամբհանդես եկան համերգային ծրագրով:

*** Շիրակի մարզային գրադարանում կազմակերպվեց «Ժամանակակից գրադարանը» խորագրով սեմինար-քննարկում, որի ժամանակ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի և Շիրակի մարզային գրադարանի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: Երկու կառույցներն այսուհետ հնարավորություն կունենան իրականացնելու ֆոնդերի փոխանակում:

*** Գյումրիում երևանյան օրերն ամփոփվեցինՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Ծրագրում համաշխահային դասական երաժշտության նմուշներ էին, այդ թվում՝ հատվածներ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից:

*** Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած մշակութային այս նախագիծը սպասված էր ու ստացված: Ամփոփելով արդյունքները՝ նկատում է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: «Շատ պատասխանատու էր մեզ համար Գյումրիում կազմակերպել մշակութային օրեր, որովհետև գիտեք՝ Հայաստանում Գյումրին, մշակութասեր լինելով, իր ուրույն տեղն ունի: Մենք կարողացանք քիմքը շոյել հանդիսատեսի, որն իսկապես շատ բարդ էր: Եվ երեք օրերի լեփ-լեցուն դահլիճները, հանդիսատեսի «բրավոներն» ու այն մեծ ջերմությունը, որը փոխանցվեց մեզ, գալիս է ապացուցելու, որ մենք ճիշտ ընտրություն ենք կատարել: Ես ուզում եմ, որ գյումրեցի հանդիսատեսի աչքերում միշտ տեսնեմ այն կայծը, որը կար, և դահլիճում սպունգի պես քաշող էներգիան, որը կլանում էին բեմից, լինի անպակաս: Երևանն ամեն ինչ անելու է, որպեսզի ՀՀ բոլոր մարզերում Երևանի մշակութային ներկայությունը լինի մշտական»,- նշել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ու շնորհակալություն հայտնել մարզին ու քաղաքին ջերմ ընդունելության համար: Մշակութային ապակենտրոնացման ու երկրի մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով իրականացվող նմանատիպ նախագծերն առաջիկա տարիներին ևս կլինեն շարունակական: Հյուրընկալվելուց բացի մայրաքաղաք Երևանն իր հյուրընկալ դռները կբացի մշակութային տարբեր օջախների համար:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia