Search

Գյուղատնտեսական նպատակների համար տրամադրվող վարկային ռեսուրսների ծավալը կավելանա


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են կորոնավիրուսի հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ քննարկումները։ Այսօր կայացած խորհրդակցությունը մեկնարկել է հաստատված 13 միջոցառումների կատարման ամենօրյա մշտադիտարկման արդյունքների ամփոփմամբ։ Տնտեսական աջակցության ծրագրերի մասով նշվել է. 1-ին միջոցառման շրջանակում հաստատվել է 249 վարկային հայտ, ծավալը՝ 13 մլրդ 159 մլն դրամ, 2-րդ միջոցառման շրջանակում՝ 2943, որից 2632-ը գյուղացիական տնտեսությունների աջակցությանն ուղղված միկրովարկերն են, 311-ը՝ մնացած գյուղատնտեսական նպատակների համար տրամադրված վարկերը։ Ընդհանուր առմամբ 2-րդ միջոցառմամբ արդեն հատկացվել է 4 մլրդ 343 մլն դրամ։ 3-րդ ծրագրով բավարարվել է 343 հայտ՝ 3 մլրդ 926 մլն դրամ ընդհանուր գումարով։ 5-րդ ծրագրով 9901 փաստացի շահառուի վճարվել է 1 մլրդ 597 մլն դրամ, 10-րդ-ով՝ 1485 փաստացի շահառուի վճարվել է 83.4 մլն դրամ։ Սոցիալական օժանդակության ծրագրերի մասով զեկուցվել է հետևյալը. ամբողջությամբ ավարտվել են 4-րդ, 6-րդ և 7-րդ միջոցառումները, նույնականացված բոլոր շահառուներին տրամադրվել է նախատեսված ֆինանսական աջակցությունը: 8-րդ ծրագրով ֆինանսական օժանդակություն է տրամադրվել 80505 շահառուի, ծավալը՝ 5 մլրդ 571 մլն դրամ, ևս 4227 դիմում մշակման փուլում է։ 9-րդ միջոցառմամբ փոխանցում է կատարվել 51791 շահառուի, ծավալը՝ 1 մլրդ 398 մլն դրամ, ավելի քան 130000 դիմում մշակվում է։ 11-րդ և 12-րդ միջոցառումներն ավարտված են, նախատեսված վճարումներն ամբողջությամբ կատարված են։ 13-րդ միջոցառումը իրականացման փուլում է։ Արդյունքների ամփոփումից հետո անդրադարձ է եղել դեռևս ընթացքի մեջ գտնվող ծրագրերի կատարմանը վերաբերող մի շարք հարցերի։ Վարչապետը կարևորել է միջոցառումների արդյունավետ իրականացումը և համապատասխան հանձնարարականներ տվել պատասխանատուներին։ Ապա քննարկվել են կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման ուղղությամբ հետագա անելիքները։ Մասնավորապես, անդրադարձ է եղել գյուղատնտեսական նպատակների համար տրամադրվող վարկային պորտֆելի ավելացման հարցին։ Այս համատեքստում քննարկման առարկա են դարձել վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ երեկ կառավարությունում կայացած խորհրդակցության արդյունքները, աջակցության գործիքակազմը և ներկայացված առաջարկները։ Մտքերի փոխանակության ընթացքում ձևավորվել է ընդհանուր մոտեցում՝ այս փուլում ավելացնել ոլորտին տրամադրվող վարկային ռեսուրսների ծավալը և ընթացիկ պահանջարկը բավարարելուց հետո քննարկել ծրագրի հետագա ընթացքը։ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կառավարությունը կարևորում է գյուղատնտեսության ոլորտի խթանումը հակաճգնաժամային աջակցության կարևոր ուղղությունների շարքում և հաշվի առնելով այս գործիքի արդյունավետությունը՝ կընդլայնի 2-րդ միջոցառման շրջանակում տրամադրվող վարկային պորտֆելի ծավալը։ Կառավարության ղեկավարը հանձնարարել է քննարկման արդյունքներով սեղմ ժամկետում հաստատման ներկայացնել համապատասխան նախագիծ։ Խորհրդակցությանը նաև ներկայացվել են բնապահպանական և միաժամանակ սոցիալական էֆեկտի հնարավորություն ունեցող նախագծերի առաջարկներ։ Քննարկվել են դրանց իրականացման մեխանիզմներին և գործիքներին վերաբերող հարցեր։ Վարչապետն առաջարկել է շարունակել քննարկումներն առաջարկների կոնկրետացման և ծրագրերի մշակման ուղղությամբ:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia