Գլենդելի քաղաքային խորհրդի անդամը չի կարողացել այցելել Արցախ Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով

Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Էլեն Ասատրյանը անընդունելի է համարում ԱՄՆ-ի կողմից Թուրքիային և Ադրբեջանին անվտանգային ոլորտում ֆինանսական օգնություն տրամադրելը։ Ասատրյանը ցավով է նշում՝ ԱՄՆ-ն արագ արձագանքում է և օգնում է Ուկրաինային, սակայն գրեթե նույն իրավիճակում հայտնված Հայաստանն ու Արցախը գրեթե անուշադրության են մատնված, հաղորդում է «Արմենպրեսը»: Ասատրյանը Կալիֆորնիա նահանգի Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ է, ում ջանքերով հայ գերիների վերադարձի համար ԱՄՆ Կոնգրեսի և Բայդենի վարչակազմի կողմից քայլեր ձեռնարկելու կոչով, Ադրբեջանի և Թուրքիայի վրա սանկցիաներ կիրառելու պահանջով բանաձևն առաջիկա տարվա ընթացքում կլինի կուսակցության 13 առաջնահերթություններից մեկը: Բանաձևը դատապարտում է Թուրքիային և Ադրբեջանին իրենց գործած պատերազմական հանցագործությունների համար` սեպտեմբերի 27-ին Արցախի վրա հարձակումից հետո տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ընթացքում: Այս օրերին Ասատրյանը եկել էր Հայաստան և հանդիպել Գլենդելի քույր քաղաքների՝ Կապանի և Գյումրու քաղաքային իշխանությունների հետ՝ համագործակցությունը վերականգնելու և խորացնելու նպատակով։ Էլեն Ասատրյանը հույս ուներ, որ իր՝ Հայաստան այցի ընթացքում Լաչինի միջանցքը կբացվի և կկարողանա այցելել Արցախի Մարտունի քաղաք, որը նույնպես Գլենդելի քույր քաղաքն է: Ասատրյանը նշում էր, որ մինչև հունվարի 3-ն է Հայաստանում, սակայն, եթե մինչ այդ միջանցքը բացվի, կհետաձգի վերադարձն ԱՄՆ ու կայցելի նաև Արցախ: Միջանցքը, սակայն, այդպես էլ չբացվեց:
Comments