Գիտնականները Կաթնածրի սահմաններից դուրս քնած սեւ անցք են հայտնաբերել
Հետազոտողները Կաթնածրի սահմաններից դուրս հայտնաբերել են քնած սեւ անցք՝ աստղային զանգվածով։ Տեղեկացվել է, որ այն ինն անգամ գերազանցում է Արեւի զանգվածը եւ պտտվում է տաք երկնագույն աստղի շուրջ, որի զանգվածը 25 անգամ գերազանցում է Արեւի զանգվածը։ Սեւ անցք առաջացրած աստղը անհետացել է առանց ուղեկցող պայթյունի որեւէ նշանի, նշվել է այն հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Nature Astronomy ամսագրում։ Աստղային զանգվածի սեւ անցքերը գոյանում են այն ժամանակ, երբ զանգվածային աստղերը հասնում են իրենց կյանքի ավարտին եւ քայքայվում սեփական ձգողականության ազդեցության տակ։ Այս սեւ անցքը համարվում է քնած, քանի որ ռենտգենյան ճառագայթման բարձր մակարդակ չունի։ Դժվար է հայտնաբերել քնած սեւ անցքեր, քանի որ դրանք քիչ են փոխգործակցում շրջակա միջավայրի հետ։ Հետազոտողներն ավելի քան երկու տարի փնտրում էին սեւ անցքերով բինար համակարգեր եւ հատկապես ուրախ են այս նոր բացահայտման առիթով, որը հայտնի է որպես VFTS243։ Գիտնականների խոսքով՝ VFTS 243-ում սեւ անցք գոյացրած աստղը լիովին քայքայվել է, առանց նախորդ պայթյունի որեւէ նշանի։ VFTS 243-ում սեւ անցքը հայտնաբերվել է Տարանտուլի մթամածության վեցամյա դիտարկումների արդյունքում, Եվրոպական հարավային աստղադիտարանի հեռադիտակի Fibre Large Array Multi Element Spectrograph (Flames) սարքի օգնությամբ։
Comments