Գերմանիան ամերիկյան F-35 կործանիչներ ձեռք կբերի
Գերմանիան ամերիկյան F-35 կործանիչներ ձեռք կբերի՝ 13 միլիարդ եվրո արժողությամբ ռազմական գնումների նախագծերի շրջանակներում, հայտնում է Reuters-ը։ Գերմանիայի խորհրդարանի բյուջետային հանձնաժողովը հաստատել է ծախսերը, այդ թվում՝ 10 միլիարդ եվրոն՝ F-35 ինքնաթիռների, ինչպես նաեւ գաղտնագրված թվային ռադիոկայանների եւ գրոհային հրացանների գնման համար։ Այս նախագծերն առաջիններից մեկն են գումար ներգրավել 100 միլիարդ եվրոյի հատուկ հիմնադրամից, որի մասին կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր փետրվարին ուկրաինական պատերազմի բռնկումից մի քանի օր անց՝ քաղաքականության լուրջ փոփոխության հետ կապված: Գերմանիան մտադիր է գնել ընդհանուր առմամբ 35 հատ F-35 անտեսանելի կործանիչներ, ներառյալ հրթիռներ եւ այլ զինատեսակներ ու սարքավորումներ, ընդ որում՝ առաջին ութ ինքնաթիռները 2026 թվականին պետք է մատակարարվեն: Ամերիկյան ռեակտիվ ինքնաթիռը կփոխարինի ծերացող Tornado-ին՝ միակ գերմանական ռեակտիվ ինքնաթիռին, որը կարող է կրել ամերիկյան միջուկային ռումբեր, դրանք պահվում են Գերմանիայում՝ կոնֆլիկտների դեպքում օգտագործելու համար։ Գերմանական ռազմաօդային ուժերը 1980-ականներից Tornado-ներով են թռչում, եւ Բեռլինը նախատեսում է աստիճանաբար հրաժարվել դրանցից 2025-2030 թվականներին: F-35 ինքնաթիռներ գնելու Բեռլինի որոշումը, որի մասին հայտարարվել էր մարտին, սակայն որը պահանջում էր խորհրդարանի վերջնական հաստատումը, վրդովեցրել է Ֆրանսիային: Փարիզը մտավախություն ունի, որ գործարքը կարող է խափանել ֆրանս-գերմանական համատեղ կործանիչի մշակումը, որը 2040-ականներին պետք է պատրաստ լինի:
Comments