Գերմանիայի կանցլերն առաջին պաշտոնական այցն է կատարել Հնդկաստան
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը շաբաթ օրը ժամանել է Հնդկաստանի մայրաքաղաք, որտեղ նա, ինչպես սպասվում է, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ կքննարկի Ուկրաինայում պատերազմը եւ երկկողմ տնտեսական համագործակցության ակտիվացման ուղիները, հաղորդում է The Associated Press-ը:«Մենք ինտենսիվորեն քննարկելու ենք բոլոր թեմաները, որոնք առնչվում են մեր երկրների զարգացմանը, ինչպես նաեւ խաղաղությունն ամբողջ աշխարհում, ինչը շատ կարեւոր է»,-ասել է Շոլցը այն բանից հետո, երբ նրան նախագահական պալատում ընդունել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:
Այս ուղեւորությունը Շոլցի առաջին պաշտոնական այցն է Հնդկաստան, թեեւ սա Մոդիի հետ նրա չորրորդ հանդիպումն է 2021 թվականին պաշտոնը ստանձնելուց ի վեր:
Ակնկալվում է, որ Գերմանիայի կանցլերը կփորձի հասնել Հնդկաստանի աջակցությանը՝ կապված Ուկրաինայի պատերազմի առնչությամբ Ռուսաստանի նկատմամբ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի կողմից որդեգրած կոշտ դիրքորոշման հետ:
Մոդին ձեռնպահ է մնում Ռուսաստանին բացահայտ քննադատելուց, քանի որ Մոսկվան զենքի խոշոր մատակարար է, ինչպես նաեւ Հնդկաստանին ապահովում է նավթով եւ տնտեսական այլ կարիքներով:
«Հսկայական ներուժ կա խթանելու համագործակցությունը Հնդկաստանի հետ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են վերականգնվող էներգիան, ջրածինը, շարժունակությունը, դեղագործությունը եւ թվային տնտեսությունը»,-ասել է Շոլցը The Times Of India-ին տված հարցազրույցում:
Անցյալ տարվա մայիսին Գերմանիան եւ Հնդկաստանը ստորագրել են մի շարք երկկողմ համաձայնագրեր, որոնք ուղղված են կայուն զարգացմանը, որոնց համաձայն՝ Հնդկաստանը կստանա 10,5 միլիարդ դոլար օգնություն մինչեւ 2030 թվականը՝ մաքուր էներգիայի օգտագործումը խթանելու համար:
Սպասվում է, որ որոշ համաձայնագրեր կստորագրվեն շաբաթ օրը։
Երկօրյա այցի շրջանակում Շոլցը կիրակի կայցելի նաեւ Բենգալուրու տեղեկատվական տեխնոլոգիաների հնդկական կենտրոն:
Comments