Գերմանական որոշ ընկերություններ կրճատում են արտադրությունը՝ վառելիքի գնաճի հետևանքով
Գերմանիայում մի շարք արդյունաբերական ընկերություններ կրճատում են արտադրությունը՝ էներգիայի գնաճի հետեւանքով, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը`հղում տալով երկրի առեւտրաարդյունաբերական պալատների (DIHK) անցկացրած հարցմանը: 3500 ընկերությունների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ 16 տոկոսը կրճատում է արտադրությունը կամ մասամբ դադարեցնում է գործունեությունը: Ռուս-ուկրաինական պատերազմը լուրջ խնդիրներ է ստեղծել Եվրոպական կառավարությունների եւ ձեռնարկությունների համար՝ հատկապես ձմեռվանից առաջ, ինչը պայմանավորված է վառելիքի պակասով: Գերմանիան մեծապես կախված է ռուսական գազից թե՛ արտադրության, թե՛ ջեռուցման հարցում: Սակայն երկիրը պատրաստվում է Ռուսաստանից գազի մատակարարումների հնարավոր ամբողջական դադարեցմանը: Հիշեցնենք, որ «Հյուսիսային հոսք 1» գազատարով գազի հոսքը անցյալ տարվա համեմատ դանդաղել է եւ Բեռլինն անցել է արտակարգ մատակարարման իր ծրագրի երեք փուլերից երկրորդին:
Comentarios