top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Գեղարքունիքի մարզպետը Ծովագյուղ համայնքում դիտարկել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքը


Սեպտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Ծովագյուղ համայնքում, որտեղ դիտարկեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը: Այս մասին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանից։ Համայնքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվում է 3 փողոց, 1 նրբանցք: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 97 միլիոն 327 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ծովագյուղի համայնքապետարանը: Արդեն երկու շաբաթ է, ինչ հիմնանորոգման աշխատանքները սկսվել և ընթանում են թիվ 14, 16, 24 փողոցներում և 15-րդ փողոցի 2-րդ նրբանցքում: Ասֆալտապատվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 914 գծամետր: Որոշ հատվածներում կառուցվում են մայթեր և 450 գծամետր երկարության հեղեղատար: Սուբվենցիոն մեկ այլ ծրագրի շրջանակներում մեկնարկել և ընթանում են նաև խմելու ջրի մատակարարման համակարգի բարելավման աշխատանքները: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 134 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ծովագյուղի համայնքապետարանը: Ընդհանուր առմամբ, այս ծրագրով համայնքում կառուցվում է 10 կիլոմետր երկարության ջրատարի արտաքին ու ներքին ցանց, ջրավազանների հարակից տարածքում ցանկապատ է տեղադրվում, կատարվում է նաև ջրաչափիչ սարքերի տեղադրում: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում: Մարզպետն աշխատանքային այցն ավարտեց Ծովագյուղի բուժամբուլատորիայում՝ ծանոթանալով աշխատանքային առօրյային, համավարակի դեմ պայքարի միջոցառումների ժամանակ ի հայտ եկած խնդիրներին, ամբուլատորիայի տնօրինության և աշխատակիցների հետ քննարկեց ընթացիկ աշխատանքային հարցեր, տվեց անհրաժեշտ ցուցումներ և հանձնարարականներ:



0 comments

Comments


bottom of page