Search

Գեղարքունիքի մարզի բնակչի մոտ կորոնավիրուսի երրորդ թեստը նույնպես բացասական է եղել


Գեղարքունիքի մարզի բնակչի մոտ կորոնավիրուսի կասկածը հերքվել է․ անցկացված երրորդ թեստավորման պատասխանը բացասական է։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Ապրիլի 13-ին բնակչի մոտ կրկնակի թեստ էր արվել և անհրաժեշտություն էր առաջացել նրան երրորդ անգամ հետազոտելու։

«Դրական լուր ունեմ բոլորիս համար` այն բացասական է։ Մեր պացիենտի բուժսպասարկման հետագա ընթացքը կկատարվի ըստ բժշկական ցուցումների։ Շնորհակալություն եմ հայտնում Առողջապահության համակարգի մեր գործընկերներին, այս դեպքում հատկապես Նորք Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բոլոր բուժաշխատողներին, ովքեր այս օրերին աշխատում են գերծանրաբեռնված, անձնվիրաբար պայքարում յուրաքանչյուր հիվանդի առողջության և կյանքի համար ու ցուցաբերում մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ։ Շարունակում եմ հորդորել խստորեն հետևել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները, տանից դուրս գալ խիստ կարիքի պարագայում»,- նշել է Սանոսյանը։

Ավելի վաղ մարզպետը տեղեկացրել էր, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության դեպք է գրանցվել: Հիվանդը, մի քանի օր պառկած է եղել Մարտունու բժշկական կենտրոնում: Այնուհետև կնոջը տեղափոխել են «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նրա մոտ առաջին թեստավորման արդյունքում կորոնավիրուս է հաստատվել։ Մարզպետը նաև տեղեացրել էր, որ Մարտունու բժշկական կենտրոնի բժիշկների թեստի արդյունքները բացասական են։ «Այսինքն՝ մեր այն բժիշկների մոտ, ովքեր անմիջապես բուժել ու բնականաբար շփվել էին մեր պացիենտի հետ, կորոնավիրուս չի հայտնաբերվել»,-նշել էր մարզպետը։

Հայաստանում ապրիլի 14-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1067 է, արձանագրվել է մահվան 16 դեպք: Թեստերից 8316-ը բացասական արդյունք է տվել: Հայաստանում ապրիլի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 54-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 265: Այս պահին փաստացի բուժում է ստանում 786 պացիենտ: Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia