top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Իշխանությունը 2,5 տարի ՀՀ-ն պահում է գետտոյի մեջ․ Գեղամ Մանուկյան


«Ռազմական դրությունը կարող է վերացվել կա′մ կառավարության, կա′մ ԱԺ որոշմամբ: Մեր բերած նախագիծը տապալվեց մոտավորապես խոստումներով, որ սեղմ, խելամիտ ժամկետներում մենք կվերանայենք սահմանափակումները: Կարծես պատրաստ էին բոլոր սահմանափակումները վերացնել, բայց ռազմական դրությունը պահել»,- ՀՀ կառավարության շենքի դիմաց Գեղամ Մանուկյանի հետ հանրային քննարկման ընթացքում հայտարարեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Նշենք, որ ՀՀ կառավարության շենքն ամբողջությամբ շրջապատված է ոստիկանության աշխատակիցներով: Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ արտահերթ նիստում այսօր ռազմական դրությունը չեղարկելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» նախագիծը չընդունվեց: Գևորգ Գորգիսյանը նշեց, թե որևէ մեկը չի կարողացել հիմնավորել՝ ինչու է պետք ռազմական դրությունը՝ նշելով, թե հերթական ստի քարոզն են անում երկուսուկես տարի:



Դառնալով ապաշնորհ իշխանությանը՝ նա ասաց. «Տապալել են բանակցությունները, հրահրել պատերազմ՝ պատրաստ չլինելով պատերազմի և չկարողանալով պատշաճ վարել պատերազմ: Գոռալով ասում են, թե մեզ պակասում են մարդիկ, գնացեք, անդամագրվեք, բայց տարրական զորահավաք չկարողանալով իրականացնել: Էական չէ՝ արվել է միտումնավոր, թե ելնելով փնթիությունից, տկարամտությունից, տկարությունից: Այս կառավարությունը, այն անձը, որը հիմա վարչապետի աթոռն է զբաղեցնում, այլևս իրավունք չունի մեր երկիրը ղեկավարել և ներկայացնել միջազգային հարթակներում: Նա ինչպե՞ս պետք է գնա բանակցելու մի մարդու հետ, որն իրենց ծաղրում է օրը ցերեկով հանրայնորեն»: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը հայտարարեց՝ սիրո և հանդուրժողականության մթնոլորտ խոստացող իշխանությունը 2,5 տարի ՀՀ-ն շարունակում է պահել գետտոյի մեջ ու մանրամասնեց. «2018-ին ապրիլ- մայիսին իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը: Սկզբում հասարակությանը բաժանեցին սևերի ու սպիտակների. եթե մեկը համարձակվեր քննադատել, հայտարարում էին դավաճան, նույնիսկ քաղաքական միտքը ճնշված, սահմանափակված էր: Մոտավորապես երեք-չորս ամիս տևեց: Նոր փուլ սկսեց 2019-ին՝ դատարանների շրջափակում, կոռուպցիա, նախկիններ. ով ասում էր՝ այս կամ այն հարցում սխալ ես, ասում էին՝ հակահեղափոխական է, պատերի տակ վնգստացող դատական համակարգ է: Ամիսներ անց էլի սահմանափակումների փուլ: 2020-ը եկավ. Սահմանադրական դատարան, նորից սահմանափակումներ, համավարակ. արտակարգ դրության կարգով սահմանափակումները շարունակվեցին: Հետո արդեն պատերազմ, արդեն ռազմական դրություն, ռազմական դրությունը հիմա էլ շարունակվում է: Սիրո և հանդուրժողականության մթնոլորտ խոստացող իշխանությունը 2,5 տարի ՀՀ-ն շարունակում է պահել գետտոյի մեջ»:




0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page