top of page
ԼՐԱՀՈՍ
Search

«Գազպրոմը» հայտարարել է «Հյուսիսային հոսք» գազատարի աշխատանքի լիակատար դադարեցման մասին

«Հյուսիսային հոսք» գազատարի միակ աշխատող տուրբինի տեխնիկական սպասարկումը սարքին չէ, եւ գազատարը չի աշխատի՝ առանց անսարքությունը վերացնելու, տեղեկացրել է «Գազպրոմը»։ Այս մասին փոխանցել է «Ինտերֆաքսը»։

Նման խնդիրներ (յուղի արտահոսք) բացահայտվել են նաեւ ՀՀ1-ի մյուս երեք տուրբիններում։ Այդ թերությունները կարելի է վերացնել միայն Կանադայի գործարանում։

Միեւնույն ժամանակ, «Գազպրոմի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսքի« տուրբինների գործարանային նորոգումն անհնար է պատժամիջոցների պատճառով. «Siemens ընկերությունն այսօրվա դրությամբ գրեթե ոչ մի հնարավորություն չունի ապահովելու մեր գազամուղ ագրեգատների մշտական կապիտալ նորոգումները։ Siemens ընկերությունն այդ աշխատանքները կատարելու տեղ պարզապես չունի»։

«Մինչեւ անսարքությունների վերացումը գազի տեղափոխումը «Հյուսիսային հոսքով» լիովին կդադարեցվի»,- փաստել է «Գազպրոմը»։

«Trent 60 (N24, «Պորտովայա» կոմպրեսորային կայան) գազամուղ ագրեգատի կանոնակարգային աշխատանքների իրականացման ժամանակ, որոնք կատարվել են Siemens ընկերության ներկայացուցիչների հետ համատեղ, հայտնաբերվել է յուղի արտահոսք։ Հայտնաբերվել է յուղ BPE2 սալիկի բաժանարարի մալուխի վրա, որը մտնում է շարժիչի կազմի մեջ։ Յուղ է հայտնաբերվել նաեւ դրսի մալուխային գծում։ Յուղի հայտնաբերման փաստաթուղթը ստորագրվել է նաեւ Siemens ընկերության ներկայացուցիչների կողմից»,- գրել է «Գազպրոմը։ «Գազպրոմն» իր թելեգրամ-ալիքում հրապարակել է «Պորտովայա» կոմպրեսորային կայանում հայտնաբերված «յուղի արտահոսքի» լուսանկարը։

«Ռուսաստանի Ռոստեխնադզորը նախազգուշացրել է, որ հայտնաբերված անսարքությունները, վնասվածքները թույլ չեն տալիս ապահովել գազատուրբինային շարժիչի անվտանգ եւ անվթար գործարկումը։  Ինչի հետ կապված՝ անհրաժեշտ է համապատասխան միջոցներ ձեռնարկել եւ դադարեցնել Trent 60 գազամղիչ ագրեգատի հետագա գործարկումը»,- տեղեկացրել է ընկերությունը։

«Յուղի նման արտահոսքեր ավելի վաղ հայտնաբերվել էին №075, №076, №120 շարժիչներում, որոնք այժմ հարկադիր պարապուրդի են մատնված։ Siemens ընկերության տեղեկատվության համաձայն՝ յուղի արտահոսքի լիակատար վերացումն այդ շարժիչներում հնարավոր է միայն մասնագիտացված նորոգող ձեռնարկությունում»,- տեղեկացրել է «Գազպրոմը։

Trent 60 (№24)  ագրեգատի հայտնաբերված անսարքությունների եւ դրանց վերացման անհրաժեշտության մասին նամակը ուղարկվել է Siemens Energy AG ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Քրիստիան Բրուհին»,- նշվել է հաղորդագրությունում։

0 comments

Comments


bottom of page