top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Գազը կրկին սկսել է հոսել «Հյուսիսային հոսք» խողովակաշարով


Տեխնիկական աշխատանքների ավարտից հետո գազը կրկին սկսել է հոսել «Հյուսիսային հոսք» խողովակաշարով, վկայում են գազատրանսպորտային օպերատորների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հունիսի կեսերին «Գազպրոմ»-ը մոտ 60 տոկոսով կրճատել էր հոսքը «Հյուսիսային հոսք»-ով: Ընկերությունը դա բացատրել է գերմանական Siemens-ի աշխատանքի ուշացումով, որը Կանադայի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցների պատճառով չի կարող վերանորոգումից վերադարձնել տուրբինը «Պորտովայա» կոմպրեսորային կայանից։ Հուլիսի սկզբին խնդիրը լուծվեց՝ Կանադան համաձայնեց տուրբինն ուղարկել Գերմանիա, որն այն կտեղափոխի Ռուսաստան։ Այնուամենայնիվ, «Գազպրոմը» հայտարարել է, որ այս հարցի վերաբերյալ դեռ որեւէ փաստաթուղթ չեն ստացել։ Հուլիսի 11-ից «Հյուսիսային հոսք»-ն ամբողջությամբ կանգնեցվել էր տեխնիկական սպասարկման համար, որը մեխանիկական բաղադրիչների եւ ավտոմատացման համակարգերի փորձարկում էր ներառում։ Եվրոպական որոշ երկրներում մտավախություն կար, որ աշխատանքների ավարտից հետո մատակարարումները չեն վերսկսվի։

0 comments

Comments


bottom of page