Բրեդ Շերմանը ալիեւյան ռեժիմի համար իրական հետեւանքներ պարտադրելու կոչ է արել
Կոնգրեսական Բրեդ Շերմանը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակումը եւ ալիեւյան ռեժիմի համար իրական հետեւանքներ պարտադրելու կոչ է արել։
«Կոնգրեսը չի կարող լռել, քանի որ Ադրբեջանը փորձում է սովի մատնել Արցախի 120 000 հայերին»,- ասել է Շերմանը՝ ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում։
«Ադրբեջանը փորձում է ստիպել արցախահայությանը լքել իրենց տները՝ անտանելի դարձնելով նրանց կյանքը Արցախում։ Մարտավարությունը շրջափակումն է, նպատակը՝ էթնիկ զտումները։ Ադրբեջանցի բռնապետ Ալիեւը հստակ հայտարարել է, որ նրանք, ովքեր չեն ցանկանում (Ադրբեջանի) քաղաքացի դառնալ, կարող են հեռանալ։ Ի՞նչ նկատի ուներ նա։ Էթնիկ հայերն արդեն քաղաքացիներ են, նրանք Արցախի Հանրապետության քաղաքացիներ են, բայց Ալիեւը չի ճանաչում այս քաղաքացիությունը, նա դա օգտագործում է որպես արդարացում 120 000 մարդու էթնիկ զտումների համար։ Ես ուրախ եմ, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ալիեւին կոչ է արել վերջ տալ այս շրջափակմանը, բայց բռնապետները չեն արձագանքում արդարադատության կոչերին: Ես կոչ եմ անում վարչակազմին ավելի ծանրակշիռ դարձնել այս կոչերը եւ իրական հետեւանքներ պարտադրել Ադրբեջանին՝ ներառյալ անհրաժեշտության դեպքում պատժամիջոցները։ Վարչակազմը պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող ողջ ռազմական օգնությունը եւ արտակարգ հումանիտար օգնություն տրամադրի Արցախին։
Ես կոչ եմ անում վարչակազմին եւ Կոնգրեսին ուժեղ դիրքորոշում ունենալ՝ այս շրջափակման միջոցով Արցախի հայ բնակչությանը էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի խայտառակ փորձերի դեմ»,- ասել է նա։
Kommentarer