Search

Բուլղարիայի նախկին վարչապետ Բոյկո Բորիսովն ազատ է արձակվել կալանքից


Բուլղարիայի նախկին վարչապետ եւ ընդդիմադիր ԳԵՐԲ կուսակցության առաջնորդ Բոյկո Բորիսովը մարտի 18-ի գիշերն ազատ է արձակվել կալանքից՝ մոտ մեկ օր անց իր եւ իր նախկին կառավարության երկու գործիչների ձերբակալությունից հետո, գրում է Sofia Globe-ը։

Միջոցառման ժամանակ, որը ցուցադրվել է ազգային հեռուստաալիքների ուղիղ եթերում, Բորիսովը հայտնվել է կուսակցության հավաքված աջակիցների մեջ՝ իր կալանավորումը որպես «դաժան, զզվելի» բնութագրելով եւ հավելելով, որ «նրանք վերադարձրին մեզ կոմունիզմը»։

Պարբերականի տվյալներով՝ ենթադրվում էր, որ Բորիսովին պատրաստվում են մեղադրել շորթման մեջ։

Սակայն նա, ինչպես եւ ֆինանսների նախկին նախարար Վլադիսլավ Գորանովը եւ Բորիսովի կառավարության նախկին մամուլի քարտուղար Սեւդալինա Առնաուդովան, առանց մեղադրանքի առաջադրման ազատ արձակվեցին:

Բուլղարական օրենսդրությամբ թույլատրված 24-ժամյա ոստիկանական կալանքից հետո նրանց կալանքի տակ պահելը դատախազի հրաման կպահանջեր՝ կալանքը մինչեւ 72 ժամ երկարացնելու համար, որն իր հերթին կարող է երկարաձգվել դատարանի պահանջով:

«Ես անհանգստանում եմ, որ հաջորդ անգամ նրանք կարող են ինձ սպանել»,- լրագրողներին ասել է Բորիսովը։

Իր հերթին Բորիսովի փաստաբան Մենկո Մենկովը լրագրողներին ասել է, որ որեւէ մեղադրանք չի առաջադրվել, կալանավորման համար որպես հիմք ծառայել էր շորթումը, սակայն նշված չէր, թե ով էր այդ շորթման օբյեկտը, երբ, ինչպես եւ ինչ պատճառներով էր այն կատարվել: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բորիսովի կալանավորումը հիմնված է Վասիլի Բոժկովի կողմից Բորիսովի հասցեին մեղադրանքների վրա, ով փախել էր Բուլղարիայից՝ իր դեմ լուրջ մեղադրանքների, այդ թվում՝ կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված լինելու պատճառով:

Բորիսովի եւ եւս երկուսի ազատ արձակումից հետո Սոֆիայի դատախազի տեղակալ Դեսիսլավա Պետրովան ասուլիս է հրավիրել եւ հայտնել է, որ մարտի 18-ի առավոտյան Սոֆիայի քաղաքային դատախազությունը ոստիկանությունից տեղեկացել է, որ շորթման գործով նախաքննություն է սկսվել։

Պետրովան ասել է, որ այդ մեղադրանքների առնչությամբ ավելի վաղ հարցաքննվել են վեց վկա, այդ թվում՝ ներկայիս վարչապետ Կիրիլ Պետկովը:

Նա հավելել է, որ Բոժկովը գործի առնչությամբ չի հարցաքննվել։

Պետրովան հայտնել է, որ գործն ամբողջությամբ ներկայացված չի եղել, իսկ Սոֆիայի դատախազությունը լրացուցիչ նյութեր է ստացել, որոնց կարեւորությունը հետագա վերլուծության առարկա կլինի։ Նա նշել է, որ նշված երեք անձանց կալանավորման ժամանակ կարող էին լինել ընթացակարգային խախտումներ լինել, ինչը նախկինում հերքվել էր ՆԳՆ-ի կողմից։

Ավելի վաղ՝ մարտի 18-ին, Պետկովը, ում «Մենք շարունակում ենք փոփոխությունները» կուսակցությունը, Բուլղարիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ռեֆորմիստների եւ հակակոռուպցիոն պլատֆորմի հիման վրա հավաքել էր ամենամեծ թվով ձայները, ասել է, որ Բուլղարիայում փոփոխություններ հնարավոր են միայն այն դեպքում, երբ «անձեռնմխելիներն» այլեւս օրենքից վեր չլինեն:

Այն բանից հետո, երբ Բորիսովի երրորդ կառավարությունը հեռացավ իշխանությունից, իսկ Ներքին գործերի նախարարությունը այլոց ձեռքն անցավ, նախարարության եւ դատախազության միջեւ լարվածությունը պահպանվեց: Քննադատ ռեֆորմիստները պնդում են, որ դատախազությունը շարունակում է գլխավոր դատախազ Իվան Գեշեւի ենթակայության տակ մնալ՝ խոչընդոտելով բարձր մակարդակի կոռուպցիայի եւ այլ հանցագործությունների դեմ արդյունավետ գործողություններին:

Կառավարությունը ձգտում է հասնել Գեշեւի հեռացմանն ընթացակարգային միջոցներով, որոնց արդյունքների մասին հարցը բաց է մնում։ Նոր կառավարությունը նաեւ հայտարարել է, որ կոռուպցիայի մասին գործերն ուղիղ եվրոպական դատախազություն կուղարկի՝ շրջանցելով ազգային դատախազությունը, որին այն չի վստահում, նշում է պարբերականը։

Չեխիան ստանձնել է ԵՄ նախագահությունը

ԱՀ նախագահը մասնակցել է «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Պուտինին Զելենսկուց գրավոր հաղորդագրություն չեն փոխանցել. Պեսկով

ՆԱՏՕ-ն վերադարձել է Սառը պատերազմի ժամանակների անվտանգության սխեմաներին

ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց Սարգիս Աղայանը

Մոսկվային եւ Մինսկին միավորման գործընթացների արագացման են դրդրում. Պուտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս

ԼՐԱՀՈՍ
practice cover.png