Search

Բոլոր քայլերն ուղղված են ծնելիության բարելավմանը

Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման նպատակով մշակվել է 2020-2023թթ. միջոցառումների ծրագիր, որը հավանության է արժանացել կառավարության այսօրվա նիստում: Հանրապետությունում ժողովրդարական իրավիճակի բարելավման նպատակով առողջապահության նախարարության ֆինանսավորումը 2020 թվականին կավելանա 1,9 մլրդ դրամով: Իսկ ինչ միջոցառումներ են նախատեսվում.

 Ընդլայնվել են դեռահասների առողջության բարելավմանն ուղղված քայլերի շրջանակները: Նախատեսվում է 15 տարեկան բոլոր աղջիկներին` այժմ իրականացվող մանկաբույժի զննությանն և որովայնի ու փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտությանն ավելացնել նաև վահանաձև գեղձի գերձայնային հետազոտություն, ըստ ցուցումների նաև` հորմոնների հետազոտություններ: Արդյունքում ակնկալվում է վերարտադրողական ֆունկցիայի իրականացման փուլում առաջնային անպտղության և վերարտադրողական կորուստների նվազեցում` առնվազն 5 տոկոսով, ինչը վերարտադրողական խանգարումներ ունեցած և բուժման ենթարկվածների շրջանում վերարտադրողական տարիքում կապահովի հղիություն և հղիության բարեհաջող ելք` տարեկան շուրջ 150 ծնվող երեխա:

 Բարելավելով հղիների նախածննդյան հսկողությունը` ընդլայվել են իրականացվող սքրինինգների շրջանակները: Ավելացվել են հղիության վարման ընթացքում իրականացվող հետազոտությունների տեսակները և ծավալները, ներառելով ինքնաբեր վիժումների, վաղաժամ ծննդաբերության, պտղի զարգացման արատների և մեռելածնության, ինչպես նաև հետծննդյան շրջանի բարդությունների, մայրական մահացության հաճախակի պատճառ հանդիսացող բնածին և ձեռք բերովի տրոմբոֆիլիաների ախտորոշումը, ինչպես նաև նշանակալի պերինատալ վարակների հետազոտումը: Ակնկալվում է` ախտաբանական այն վիճակների վաղ հայտնաբերում և հղիության պատշաճ վարում, որոնց բուժման արդյունքում կնվազեն վերարտադրողական կորուստները, այդ թվում ինքնաբեր վիժումները, ներագանդային մահվան դեպքերը, մեռելածնությունը, չզարգացող հղիությունները, մայրական և պերինատալ մահացությունը, պտղի բնածին զարգացման արատները: Կապահովվի առնվազն 300 հղիության բարեհաջող ելք` երեխայի ծնունդով:

 Ընդլայնվել է անպտուղ ամուսնության բուժման և հաղթահարման ծրագրի շրջանակները: Ներկայումս յուրաքանչյուր 6-րդ 7-րդ ամուսնական զույգ Հայաստանում տառապում է անպտղությամբ և կարիք ունի նպատակային միջամտության: 2019թ. պետական բյուջեով անպտուղ զույգերի բուժման և հաղթահարման ծրագրի ֆինանսավորման ավելացմամբ շահառուների թիվը կեռապատկվի. ակնկալվող արդյունքը` առնվազն 350 նորածնի ծնունդ:

 Երիտասարդների վերարտադրողական ներուժը բարելավելու նպատակով աշխարհի զարգացած շատ երկրներում ձևավորված է առողջապահական մշակույթ` զույգերի մինչամուսնական հետազոտման և նախաբեղմնավորման խնամքի ծառայությունների տրամադրման առումով: Նախատեսվում է ներմուծել առողջության հավաստագիր նոր ամուսնացող զույգերի համար, որը կարող է տրվել նրանց ամուսնանալու դիմում ներկայացնելիս` Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) գործակալությունում: Հավաստագրով ամուսնացող զույգը կստանա առողջ վերարտադրության ապահովման, մինչ հղիութունն անհրաժեշտ խորհրդատվությունների ու հետազոտությունների փաթեթ: Ակնկալվում է վերարտադրողական ֆունկցիաների գնահատում, ախտաբանական շեղումների վաղ հայտնաբերում և բուժում, անպտղության նվազեցում, ինքնաբեր վիժումների, մեռելածնության, վաղաժամ ծննդաբերությունների քանակի նվազեցում մինչև 10 տոկոս: Արդյունքում` առնվազն 250 երեխայի ծնունդ կունենանք:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia