top of page
Search

Բլինքենը Փաշինյանին կոչ է արել կոնկրետ քայլեր անել՝ Բաքվի հետ չլուծված խնդիրները լուծելու համար



ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել կոնկրետ քայլեր անել Երեւանի եւ Բաքվի միջեւ մնացած խնդիրները լուծելու նպատակով։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտա Պատելի գրավոր հայտարարության մեջ, որը տարածվել է երկուշաբթի՝ Փաշինյանի եւ Բլինքենի հեռախոսազրույցից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի առաջարկի ԱՄՆ-ի օգնությունը՝ Ադրբեջանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններին աջակցելու նպատակով։ Պետքարտուղար Բլինէենը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին խաղաղությանն ուղղված Հայաստանի շարունակական հանձնառության համար եւ կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ չլուծված հարցերի լուծումներ գտնելու համար»,- ասել է Պատելը։ Նրա ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նաեւ «հաստատել է ԱՄՆ-ի աջակցությունն ուղիղ բանակցություններին եւ դիվանագիտությանը»՝ Անդրկովկասում «տեւական եւ կայուն խաղաղություն» ապահովելու համար»։ Բացի այդ, Բլինքենն «ընդգծել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ մնացած խնդիրները ռազմական լուծում չունեն», հավելել է Պատելը։

0 comments

Comments


bottom of page