top of page
Search

Բեգլարյանը հանդիպել է Արցախի բռնազավթված համայնքների ղեկավարների և տեղահանված քաղաքացիների հետ


Նոյեմբերի 1-ին Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի և Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախաձեռնությամբ, Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի մասնակցությամբ Օպերատիվ շտաբում տեղի է ունեցել հերթական հանդիպումը՝ բռնազավթված համայնքների ղեկավարների և Շտաբում այդ պահին տարբեր հարցերով ներկա գտնվող տեղահանված քաղաքացիների հետ։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից: Հանդիպման ընթացքում քննարկվել են 44-օրյա պատերազմում զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքներին հիփոթեքային վարկավորման պետական աջակցության ծրագրի միջոցով բնակարան ձեռք բերելու համար սերտիֆիկատների տրամադրման, տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով 40 հազար դրամական աջակցության տրամադրման գործընթացները, դրանց շարունակականության և դրանց վերաբերյալ առաջացած ընթացիկ հարցերը։ Առանձին անդրադարձ է եղել Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված (խոսքը վերաբերվում է նախկին վերաբնակիչներին) ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի միջոցով սերտիֆիկատների տրամադրմանը, որի տրամադրումը մեկնարկել է մեկ շաբաթ առաջ: Ուշադրության կենտրոնում էր նաև առանձին շրջաններից տեղահանված և զոհված ընտանիքներին բնակարան ձեռք բերելու համար տրամադրվելիք սերտիֆիկատների հարցը, որի լուծումն ակնկալվում է առաջիկայում: «Նմանատիպ հանդիպում-քննարկումներին համայնքապետերին ներգրավելն ունի ազգաբնակչության ամենալայն խավերին իրականացվող աշխատանքներին, կայացվող որոշումներին և այլ կարևոր տեղեկատվությանը հաղորդակից դարձնելու նպատակ: Ազգաբնակչության սպասարկումն ավելի արդյունավետ և օպերատիվ դարձնելու համար անհրաժեշտ է սերտացնել կապն ու համագործակցությունը իշխանության բոլոր օղակների հետ»,- հանդիպմանը նշել է Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը։ Հանդիպման ավարտին քաղաքացիների հարցադրումներին տրվել են պատասխաններ․ հրատապ հարցերի մասով կկազմակերպեն հավելյալ քննարկումներ։

 
 

Comments


bottom of page