Բանակցություններով պիտի լուծվեն ոչ միայն Արցախ-Ադրբեջան, այլև ՀՀ-Ադրբեջան խնդիրները. Արցախի նախագահ
Հայ ժողովուրդը ճակատագրական ժամանակներ է ապրում, որը պայմանավորված է աշխարհակարգի լրջագույն ճգնաժամով, տարածաշրջանի ապակայունությամբ, թուրք-ադրբեջանական ագրեսիայով ու նորանոր սպառնալիքներով, 44-օրյա պատերազմի անվտանգային, հումանիտար, սոցիալ-տնտեսական և հոգեբանական ծանր հետևանքներով, ներքաղաքական ու ներազգային պառակտման աճող տեմպով ու բազմաթիվ այլ մարտահրավերներով: Այս մասին իր ուղերձում նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ենթավերնագրի ներքո նա, մասնավորապես, հայտարարել է.
«Ոչ միայն Արցախի Հանրապետությունը, այլև Հայաստանի Հանրապետությունն ունի և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ անվտանգության ապահովման խնդիր, որը մերօրյա գլխավոր մարտահրավերն է: Պետք է անկեղծորեն խոստովանենք, որ հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին, որը կարող է ոչ պակաս ծանր հետևանքների հանգեցնել, քան՝ 44-օրյա պատերազմը: Եվ այդ վտանգի կանխումը կամ կառավարումը պետք է տեղի ունենա և՛ անվտանգային, և՛ քաղաքական գործիքակազմերով:
Խորին վշտակցությունս եմ հայտնում սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի Հանրապետության հանդեպ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված բոլոր հայորդիների ընտանիքներին: Թո՛ղ այլևս նոր զոհողությունների կարիք չլինի:
Հաշվի առնելով վերահաս աղետի վտանգը՝ համոզված եմ, որ միակ լուծումը հատկապես Հայաստանի Հանրապետությունում բոլոր հիմնական դերակատարների ջանքերի համատեղումն է՝ միասնականության, անկեղծ երկխոսության ու ողջախոհության հիման վրա: Անկախ այն բանից, թե ինչ գործիքակազմով հնարավոր կլինի կանխել աղետը, միևնույն է՝ նշածս համախմբումը պետք է տեղի ունենա, որպեսզի կարողանանք պատվով թոթափել այս ծանր ու վճռական մարտահրավերը: Իշխանությունները, այո, միշտ էլ առաջնահերթ պատասխանատուն են իրավիճակի համար, սակայն այսօր բոլորիս վրա ծանր պատասխանատվություն կա ընկած, քանի որ կանգնած ենք պետականությանը սպառնացող վտանգների առաջ, որի պատճառներից է նաև ներքին անհամերաշխությունը: Մեր միջազգային գործընկերներն ու ընդհանրապես միջազգային հանրությունը կարող են միայն լրացուցիչ գործիքակազմեր ապահովել՝ իրենց սեփական շահերին համապատասխան, սակայն մեր սեփական խնդիրների լուծումը մեծապես հենց մեզնից է կախված:
Այժմ գալով անվտանգության երկարաժամկետ երաշխիքների վերաբերյալ հարցերին՝ պետք է նշել, որ, ցավոք, այս խիստ փխրուն աշխարհակարգի ու տարածաշրջանային ցնցումների պայմաններում ոչ ոք դեռ չի կարող մեզ տալ անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ: Ռուսաստանի զբաղվածությամբ և ուշադրության շեղմամբ պայմանավորված՝ ռուսական խաղաղապահների երաշխիքները որոշակի ճեղքման են ենթարկվել, որից օգտվում է Ադրբեջանը: Մյուս կողմից, արտաքին բոլոր թշնամական ուժերը հետևողականորեն ձեռնարկում են ռազմական ու տեղեկատվական բնույթի սադրանքներ՝ ռուս խաղաղապահների դերակատարությունը նսեմացնելու, արցախցիների մոտ Ռուսաստանի հանդեպ անվստահություն ձևավորելու համար: Վստահ եմ, որ արցախցին չի տրվում նման սադրանքներին, որի վառ օրինակը Արցախում ռուս խաղաղապահների նկատմամբ ցուցաբերվող հատուկ վերաբերմունքն է:
Չնայած աշխարհում ու տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումներին ու առկա մարտահրավերներին, այդուհանդերձ, Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, թեև այն փխրուն և հարաբերական կայուն է: Մենք հույս ունենք, որ հնարավոր կլինի բարձրացնել Ռուսաստանի խաղաղապահ առաքելության արդյունավետությունը և ապահովել դրա անժամկետ առկայությունն Արցախում՝ որպես մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն երաշխիք՝ անկախ դրա ոչ լիարժեք բնույթից:
Նշված մարտահրավերներով պայմանավորված՝ մենք ջանք ու եռանդ չենք խնայել և չենք խնայելու նաև պաշտպանության սեփական համակարգը մեր հնարավորությունների սահմաններում արդիականացնելու և մեր առաջ կանգնած մարտահրավերներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Մենք ցանկանում ենք խաղաղություն ու կայունություն ողջ տարածաշրջանում, սակայն, հաշվի առնելով ադրբեջանական սպառնալիքները, իրավունք ունենք և պարտավոր ենք մտածել նաև ինքնապաշտպանական կարողությունների ու հնարավորությունների մասին:
Քաղաքացիական պաշտպանության համակարգի բարելավման ուղղությամբ ևս մեծ անելիքներ կան: Թեև վերջին երկու տարվա ընթացքում զգալի ջանքեր ու ռեսուրսներ են ներդրվել քաղաքացիական պաշտպանության հիմնականում այնպիսի ուղղություններով, որոնք քիչ նկատելի են լայն հասարակության համար, այդուհանդերձ, այն կրելու է շարունակական բնույթ և առաջիկայում ավելի մեծ ուշադրություն է դարձվելու ներքին անվտանգության այդ բաղադրիչին:
Բանակցությունների միջոցով պիտի լուծվեն ոչ միայն Արցախ-Ադրբեջան, այլև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա խնդիրները, և այդ մոտեցմանը պետք է անկեղծ կողմնակից լինի նաև Ադրբեջանը՝ հավատարմություն ցուցաբերելով բոլոր կողմերի շահերի ու իրավունքների հարգման և ուժի կիրառման բացառման սկզբունքներին:
Մենք պետք է հնարավորինս ջանքեր գործադրենք երկարաժամկետ խաղաղության երաշխավորման ուղղությամբ, որը հնարավորություն կտա Արցախը պահել հայկական ու թևակոխել ժողովրդագրական կայուն աճի փուլ: Այդ նպատակին են ուղղված եղել մեր բազմաթիվ գործողություններ, այդ թվում՝ հետպատերազմյան ժամանակահատվածում արված իմ կոչը ուղղված ժողովրդին՝ վերադառնալու և բնակվելու Արցախում: Որքան էլ տարաբնույթ դժվարություններ ու անվտանգային ռիսկեր ծագեն, միևնույն է, Արցախը հայկական պահելու միակ ուղին Արցախում ապրելն ու արարելն է, իսկ ի լրումն միջազգային ու պետական երաշխիքների ու ջանքերի՝ Արցախում բնակվող յուրաքանչյուր անձ ևս պետք է պատրաստ լինի ստանձնելու Արցախը հայկական պահելու սուրբ գործի իր բաժին ռիսկն ու պատասխանատվությունը. մեր հազարավոր քույրերն ու եղբայրները այդ նպատակով զոհաբերել են իրենց ամենաթանկը:
Այդ համատեքստում կուզեի ընդգծել, որ իմ ընտանիքը մշտապես բնակվել է ու կբնակվի Արցախում, և ես կարող եմ երաշխավորել յուրաքանչյուր արցախաբնակ ընտանիքի անվտանգությունն այնքանով, որքանով երաշխավորում եմ իմ սեփական ընտանիքի անվտանգությունը: Արցախի հայկական ապագայի երաշխավորման գործում յուրաքանչյուր անձի ու ընտանիքի վաստակի առաջնահերթ դրսևորումը հենց Արցախում ապրելն ու գործելն է, իսկ դրա գինը՝ առերեսվող դժվարություններն ու խնդիրները»:
Comments