Բայդենն ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել Ուկրաինան

Նախագահ Ջո Բայդենը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Ուկրաինան։ «Ամերիկայի քաղաքացիները պետք է հեռանան, պետք է հեռանան հենց հիմա»,- ասել է Բայդենը NBC News-ին։ «Մենք գործ ունենք աշխարհի ամենամեծ բանակներից մեկի հետ։ Սա բոլորովին այլ իրավիճակ է, եւ ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել»,- ասել է նախագահը` նկատի ունենալով ՌԴ զինված ուժերին։ Բայդենը նաեւ հաստատել է, որ ոչ մի դեպքում զորք չի ուղարկի Ուկրաինա, նույնիսկ՝ ամերիկացիներին փրկելու համար ռուսների ներխուժման դեպքում։ «Դա համաշխարհային պատերազմ [կդառնա]: Երբ ամերիկացիներն ու ռուսները սկսեն կրակել միմյանց վրա, մենք կհայտնվենք բոլորովին այլ աշխարհում»,- նախազգուշացրել է ԱՄՆ նախագահը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։ Ուկրաինան լքելու կոչով հանդես է եկել նաեւ Պետքարտուղարությունը։ Այժմ Ուկրաինա բոլոր ուղեւորությունների համար սպառնալիքի չորրորդ՝ ամենաբարձր մակարդակ է ներդրվել: