Բալթյան երկրներն իրենց տարածքում դաշինքի ուժերն ուժեղացնելու առաջարկներ են ներկայացրել ՆԱՏՕ-ին

Բալթյան երեք երկրներ մի շարք առաջարկներ են ներկայացրել ՆԱՏՕ-ին այն մասին, թե ինչպես ուժեղացնել Հյուսիսատլանտյան դաշինքի աջակցությունը մեր երկրների տարածքում, հայտնում է ERR.ee էստոնական տեղեկատվական պորտալը։
«Էստոնիան ցանկանում է, որպեսզի Բալթյան երկրներից յուրաքանչյուրի եւ Եվրամիության ամբողջ արեւելյան թեւի ռազմական ստորաբաժանումների մակարդակով հստակ հրամանատարական կառույց ստեղծվի: Եւ բացի այդ, մենք ցանկանում ենք, որ այն դաշնակից երկրները, որոնք արդեն գտնվում են Էստոնիայում, էլ ավելի մեծացնեն դաշինքի կողմից ռազմական ուժերի ծավալն Էստոնիայում։ Եւ եւս մի ասպեկտ է բալթյան երկրների տարածքում ՆԱՏՕ-ի լրացուցիչ պաշտպանական ուժերի տեղակայումը»,- ասել է պաշտպանության փոխնախարար Թուուլի Դունեթոնը։
ՆԱՏՕ-ի կոնկրետ առաջարկները չեն կարող հրապարակվել: Պաշտպանության նախարարությունը կարծում է, որ Էստոնիայի խնդրանքները որոշ չափով հաշվի են առնվում, բայց՝ ոչ դրանց սկզբնական տեսքով։
«Եթե ՆԱՏՕ-ն նայում է մեծ պատկերին, ապա, այո, դաշինքի բոլոր ուժերը բաշխված են հավասարապես, սակայն ագրեսիայի սպառնալիքը նույնը չէ ՆԱՏՕ-ի բոլոր երկրների համար, ուստի անհրաժեշտ է ամրապնդել այն տեղերը, որոնք ավելի խոցելի են։ Մենք ցանկանում ենք, որ դաշինքի ուժերի դիրքորոշումը զսպողից պաշտպանական դառնա։ Դա նշանակում է, որ մենք կկարողանանք ամենաարդյունավետ կերպով արձագանքել ցանկացած տեսակի ագրեսիայի»,- ասել է վարչապետ Կայա Կալլասը։
Արտաքին գործերի նախարար Եվա-Մարիա Լիիմեցը հաստատել է, որ այս պահին վերջնական որոշումներ չկան։ Նրա խոսքով՝ դաշինքի անդամները համաձայն են, որ առկա սպառնալիքների գնահատումները պետք է վերանայվեն եւ նոր լուծումներ առաջարկվեն։
Շաբաթ օրը ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարները կհանդիպեն Բեռլինում՝ դաշինքի Մադրիդյան գագաթաժողովի համար առաջարկների նախապատրաստման համար: