Աֆղանստանի արեւելքում ջրհեղեղների հետեւանքով զոհվել է առնվազն 9 մարդ

Աֆղանստանի արեւելքում սեզոնային անձրեւներից առաջացած սաստիկ ջրհեղեղի հետեւանքով զոհվել է առնվազն ինը մարդ. ջրհեղեղը քշել է տները, ոչնչացրել անասուններն ու հողատարածքները, հայտնում է AP լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղական իշխանություններին: Լոգարի նահանգի աղետների կառավարման նախարարության ղեկավար Աբդուլլահ Մուֆաքերը ասել է, որ դեռեւս հայտնի չէ, թե քանի մարդ է զոհվել ու վիրավորվել ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով, սակայն առնվազն ինը մարդ մահացել է: Գյուղի ավագ Դել Աղան ասել է, որ ջրհեղեղն աննախադեպ է եղել Խուշիի պատմության մեջ: «Դա ոչնչացրել է բոլոր կենդանիներին, տներն ու գյուղատնտեսական հողերը: Մարդիկ մնացել են անօթեւան եւ ապաստանել են սարերում», - ասել է նա: Անցյալ շաբաթ հորդառատ անձրեւները առաջացրել են հեղեղումներ, որոնց հետեւանքով զոհվել է առնվազն 31 մարդ, իսկ երկրի հյուսիսում տասնյակ մարդիկ անհետ կորել են:
Comments