Search

Արևմտյան երկրների բուհական համակարգերին բնորոշ այս մեխանիզմը պետք է գործի նաև մեր երկրում. Մխիթարյան


«Փաստ» օրաթերթը գրում է

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգում կատարված փոփոխությունների համաձայն, դիմորդը տվյալ ուստարում միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ՝ տվյալ տարվա հունվար և հունիս-հուլիս ամիսներին: Արդյունքում երկու քննություն հանձնած դիմորդն անվճար կամ վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է առավել բարձր միավորով։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշում է, որ սա ուղղակի կիսատ քայլ է դեպի այն համակարգը, որն ի վերջո պետք է ունենանք:

«Տարբեր երկրներում բարձր վարկանիշ ունեցող համալսարանների դեպքում ընդունելության քննություն հասկացություն գոյություն չունի: Գիտելիքների ստուգումը տեղի է ունենում դպրոցն ավարտելիս: Մեր թեստավորման և գնահատման կենտրոնների նման կենտրոններ են գործում, որտեղ ողջ տարվա ընթացքում ապագա դիմորդները կարող են ստուգել իրենց գիտելիքները և ստանալ համապատասխան վկայագիր, որտեղ ֆիքսված է, թե տվյալ անձը որքան բալ է հավաքել այս կամ այն առարկայից: Երբ սկսվում է բուհերի ընդունելությունը, որն, ի դեպ, լինում է տարվա մեջ մի քանի անգամ, ապագա ուսանողները ներկայացնում են իրենց գիտելիքների հավաստագիրը, ընդ որում` բուհերն էլ նախապես հայտարարում են, թե որքան միավոր հավաքած դիմորդները կարող են տեղ գտնել բուհի համապատասխան ֆակուլտետում: Եթե դիմորդները հաղթահարում են նախապես հայտարարված նվազագույն շեմը, ուղղակի դառնում են տվյալ համալսարանի ուսանողը: Կարիք չկա ևս մեկ անգամ քննություն հանձնել, բացառվում է սթրեսի գործոնը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը՝ ընդգծելով, որ իր հետագա անելիքն արդեն որոշում է ուսանողը:

Կրթության փորձագետը նշում է` արևմտյան երկրների բուհական համակարգերին բնորոշ այս մեխանիզմը պետք է գործի նաև մեր երկրում` ապագա ուսանողը հնարավորություն ունենա պարբերաբար ստուգելու իր գիտելիքները, միավորներ հավաքելու, ոչ թե դա անի թեկուզ տարին երկու անգամ: Սակայն այս պարագայում մեկ այլ մտահոգություն է առաջ գալիս: Չէ՞ որ եթե ուսանողը հնարավորություն ունենա միավորներ կուտակելու, պարբերաբար իր գիտելիքները ստուգելու արդյունքում ավելի բարձր միավորներ հավաքելու, այդ դեպքում բուհերում գուցե շատ մասնագիտացումներ տուժեն: Ինչի՞ մասին է խոսքը: Օրինակ` բարձր միավորներով հավաստագիր ունենալու դեպքում նա, ինչպես շատերը, կհավակնի սովորել ավելի «մոդայիկ» մասնագիտություն, իսկ մի շարք մասնագիտացումներ, որոնք առանց այն էլ քիչ դիմորդներ ունեն, կդառնան հետնապահ: Մխիթարյանը նշում է, որ դիմորդների թիվը մեր երկրում գնալով պակասում է` նվազում է Հայաստանի բնակչությունը, կրթության որակն է ընկնում:

«Այո, սա նպաստելու է նրան, որ բարձր միավորներ հավաքող դիմորդները չեն գնալու այն մասնագիտությունների գծով սովորելու, որոնք անհրաժեշտ են մեր տնտեսությանը կամ էլ Հայաստանի առաջնահերթություններից են: Օրինակ` եթե մի դեպքում դիմորդը հնարավոր է՝ դժվարությամբ էր հաղթահարում 8 միավորի շեմը, ապա մեկ անգամ ևս քննություն հանձնելով՝ հնարավորություն կունենա, ասենք, 10 կամ 12 միավոր ստանալ, դա կարող է բավարար լինել իրավաբանական կամ տնտեսագիտական մասնագիտություններով սովորելու: Իսկ եթե այդ հնարավորությունը չլիներ, կընտրեր այլ ֆակուլտետ: Ստացվում է, որ ավելի բարձր միավորներ ունեցող դիմորդները չեն դիմի այն մասնագիտությունների գծով, որի կարիքն, ի դեպ, մենք ունենք: Մրցույթն էլ միշտ ավելի քիչ է լինում, որովհետև հատկացված տեղերի թիվը միշտ ավելի շատ է, քան դիմորդների թիվն է, սա հուշում է նախորդ տարիների փորձը, արդյունքում ուսանողներ չենք ունենա բնագիտամաթեմատիկական, հայագիտական և մի շարք այլ ուղղություններում, սա կրկնակի հարված է մեր կրթական համակարգին»,եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:

Չեխիան ստանձնել է ԵՄ նախագահությունը

ԱՀ նախագահը մասնակցել է «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Պուտինին Զելենսկուց գրավոր հաղորդագրություն չեն փոխանցել. Պեսկով

ՆԱՏՕ-ն վերադարձել է Սառը պատերազմի ժամանակների անվտանգության սխեմաներին

ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց Սարգիս Աղայանը

Մոսկվային եւ Մինսկին միավորման գործընթացների արագացման են դրդրում. Պուտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս

ԼՐԱՀՈՍ
practice cover.png