Արցախի ՊԲ-ն ունի առանձնահատկություններ, որոնք օրինակելի են նույնիսկ արևմտյան բանակների համար
Արցախի Պաշտպանության բանակը ստեղծվել է Արցախի հենքի վրա, Արցախի ամբողջ ներուժն օգտագործելով, այն պարագայում, երբ Արցախի ինքնորոշման համար շարժմանը Ադրբեջանը պատասխանեց լայնամասշտաբ պատերազմական, մարտական գործողություններով, հարձակումներով, սադրանքներով, ներքին զտումներով: Այն ստեղծվել է Արցախում ինքնապաշտպանության բհամար ստեղծված ջոկատների հենքի վրա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե Սոչիում «Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին ներկայացրել է Ղարաբաղի իշխանությունների առաջարկը, որ եթե Արցախի շուրջ ստեղծվի ապառազմականացված գոտի՝ միջազգային երաշխիքներով, ապա նման մասշտաբի Պաշտպանության բանակ ունենալու կարիք Ղարաբաղը կարող է եւ չունենալ»:
«Արցախի ՊԲ ձեւավորումը ունի բավականին լուրջ առանձնահատկություններ, որոնք օրինակելի են նույնիսկ արեւմտյան բանակների գործունեության ու զարգացման շրջանակներում: Օրինակ տեղային ստորաբաժանումների ձեւավորումը, մարտական գործողությունների ժամանակ բոլոր շրջանների ենթակառույցների ենթակայությունը ռազմական հրամանատարությանը:
Երբ ասում են՝ Արցախում կան հայկական ստորաբաժանումներ, Արցախում կան հայկական զորամասեր, դա Արցախի ՊԲ-ն է, Արցախի բանակն է, այնտեղ չկան Հայաստանի զորքեր: Դրա համար, երբ Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրները դեռ առաջնային են, ՊԲ-ն իր ողջ ներուժով, Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հետ միասին, նաեւ համագործակցելով Հայաստանի հետ, պետք է գոյություն ունենա եւ իր ռջեւ դրված խնդիրները կատարի»,-հայտարարեց Օհանյանը:
Comments