Արցախի նախագահի հրամանագրով Ջոն Ինյարիտուն պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով
Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։ Այս մասին Ինյարիտուն գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։ «Պատիվ էր ստանալ «Մխիթար Գոշի մեդալն Արցախի Հանրապետությունից (Լեռնային Ղարաբաղ)։ Մենք շարունակելու ենք պաշտպանել Արցախում հայերի ապրելու իրավունքը՝ միջազգային ճանաչման անհրաժեշտության հետ մեկտեղ»,- գրել է Ինյարիտուն։ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրում նշված է, որ Ինյարիտուն «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրվում է Արցախին ցուցաբերած քաղաքական աջակցության համար։ Ինյարիտուն «Մխիթար Գոշ» մեդալը ստացել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում։ Նշենք, որ Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն այս օրերին Հայաստանում է, նա հանդիպել է ԱԺ պատգամավորների հետ, այցելել Ջերմուկ և Սոթք, ծանոթացել սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով Հայաստանի բնակավայրերին հասցված վնասներին:
Comentarios