Search

Արցախի բոլոր հսկիչ անցակետերում հունիսի 15-ից գործում են արագ թեստավորման լաբորատորիաներ


Արցախի Հանրապետության բոլոր հսկիչ անցակետերում հունիսի 15-ից գործում են արագ թեստավորման լաբորատորիաներ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Հանրապետություն մուտք գործող անձինք կարող են տեղում թեստավորվել, եթե բացակայում են ՀՀ-ում իրականացված պոլիմերազային շղթայական ռեակցիայի թեստի կամ արագ թեստի պատասխանները: Արդեն տեղադրված են տերմինալները, որով հնարավոր է կատարել դրամական փոխանցում՝ 7000 դրամ, հատուկ հաշվեհամարին, որից հետո թեստավորվել»,- նշում են Արցախի տեղեկատվական շտաբից:

ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետները գործուղվել են Արցախի Հանրապետության Շահումյանի և Քաշաթաղի շրջաններ` «Նոր Խարխափուտ» և «Աղավնո» սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում իրականացվող աշխատանքները վերահսկելու և մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Հունիսի 15-ից Արցախի Հանրապետություն կարող են մուտք գործել պարետի թույլտվություն ունեցող և թեստավորված քաղաքացիները: Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի հունիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia