Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Արամ Առաջինի հետ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը Անթիլիասի Մայրավանքի գրասենյակում ընդունել է Ն․Ս․Տ․Տ․ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը։ ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը։ Արթուր Թովմասյանը և պատվիրակության անդամները Նորին Սուրբ Օծությանն են ներկայացրել Արցախի ներկա վիճակը, ժողովրդի և իշխանությունների արդար ու անփոփոխ պահանջները։ Ողջունելով ներկաներին՝ Վեհափառ Հայրապետը հիշեցրել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մշտապես կանգնած է Արցախի ժողովրդի կողքին և աջակցում է ինքնիշխանության իրավունքի կամքը արտահայտելու հարցում։ Այս առիթով Վեհափառ Հայրապետը վերահաստատել է Մեծն տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմերի և ժողովրդի ամբողջական աջակցությունը Արցախի ժողովրդին։