top of page
Search

Արցախը պետք է աշխատանք տանի ռուս խաղաղապահների հետ, պետք է հստակեցվի Արցախի բանակի դերը. Օհանյան


Արցախի ղեկավարությունը չի կարող հույս դնել Հայաստանի ղեկավարության վրա, պետք է համապատասխան աշխատանք տանեն մանավանդ ՌԴ-ի եւ  ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրուցյում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Երբ ասում եմ, որ ՌԴ-ի եւ ռուսական խաղաղապահների հետ համագործակցության եզրեր պետք է գտնել, պետք է հստակեցվի Արցախի բանակի դերն ու նշանակությունը, որպեսզի միջազգային հանրություն իմանա՝ Արցախի ՊԲ-ն ստեղծվել է առաջին ազատամարտի ժամանակ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ Ադրբեջանի կողմից պատերազմական գործողություններին հակազդելու պայմաններում: Այսինքն ստիպված են եղել ստեղծել ՊԲ-ն:

Երկրորդ, այսօր լուրջ քայլեր պետք է իրականացվեն, որպեսզի խաղաղապահ ուժերի գործունեությունը նոյեմբերի 9-ի փաստաթղթի ժամկետի  ավարտից հետո էլ երկարացվի: Որովհետեւ առանց ռուսական խաղաղապահ ուժերի շատ դժվար կլինի ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ պետք է անել, որպեսզի այս իրավիճակը չկրկնվի, երբ ադրբեջանցիները փակեցին Արցախ-Հայաստան ճանապարհը, «Հայաստան» խմբակցության ղեկավարը պատասխանեց. «ՀՀ իշխանությունները նախեւառաջ պետք է Արցախի ժողովրդի գոյության, գոյապահպանության եւ գործունեության հայեցակարգ մշակեն: Ուղղություններից մեկը արտաքին քաղաքականությունն է եւ դրա շրջանակներում պետք է հստակեցվեն հարաբերությունները հատկապես խաղաղապահ ուժերի հետ, որոնք իրականացնում են Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրները: Իրենք են ադրբեջանցիների հետ բանակցում, իրենք են տիրապետում այդ նրբություններին եւ այդ ամենը պետք է պահանջել Ադրբեջանից: Իրենց թվում է, որ եթե թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ լռենք, որեւէ բան չասենք, չըմբոստանանք, ադրբեջանցիները հենց այնպես լռելու են: Ընդհակառակը, ախորժակն ուտելիս է բացվում»:

0 comments

Comments


bottom of page