Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 30-ին մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նիստին եւ հանդես եկել ելույթով։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Արտաքին գործերի նախարարությունից։
Նիստի ընթացքում շոշափվել են Լոս Անջելես-Արցախ կապերի զարգացման հեռանկարներին, հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգովորմանն առնչվող հարցեր։
Նախարար Բաբայանը կարեւորել է Արցախի Հանրապետության կապերը Լոս Անջելես քաղաքի հետ՝ ընդգծելով, որ Արցախում բարձր են գնահատում մեգապոլիսի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը՝ այն որակելով որպես կարեւոր բարոյական, քաղաքական եւ մարդասիրական օրինակելի որոշում։
Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ Արցախի ԱԳ նախարարը ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Արտգործնախարարը կարեւորել է նաեւ բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։
Նիստին ներկա են գտնվել նաեւ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը եւ ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
Commentaires