Search

Արտակ Ապիտոնյանի աշխատանքային այցը Իրաքյան Քուրդիստան


Իրաքի Հանրապետությունում այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Փետրվարի 24-ին Արտակ Ապիտոնյանը հանդիպում ունեցավ Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության նախագահ Մասուդ Բարզանիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծեցին հայ և քուրդ ժողովուրդների պատմական ամուր կապերն ու փոխադարձ համակրանքը: Մասուդ Բարզանին բարձր գնահատեց Իրաքյան Քուրդիստանի հայ համայնքի ներդրումը ինքնավարության քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում: ԱԳ նախարարի տեղակալ Ապիտոնյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու բազմաոլորտ համագործակցությունը Իրաքյան Քուրդիստանի հետ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Նույն օրը տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ: Իրաքյան Քուրդիստանի նախագահը՝ շնորհավորելով էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության պաշտոնական բացման կապակցությամբ, վստահություն հայտնեց, որ ՀՀ դիվանագիտական առաքելությունը մեծապես կնպաստի քաղաքական երկխոսության մակարդակի բարձրացմանը: Երկուստեք ընդգծվեց նաև տնտեսական և առևտրային կապերի խորացման կարևորությունը՝ մասնավորապես զբոսաշրջության և էներգետիկայի, ինչպես նաև այլընտրանքային էներգիայի ոլորտներում:

Փետրվարի 25-ին Արտակ Ապիտոնյանը հանդիպում ունեցավ Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանորեն անդրադարձ կատարեցին Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև համագործակցության արդեն իսկ ձևավորված դինամիկ օրակարգին՝ առանձնահատուկ ընդգծելով տնտեսական կապերի և ապրանքաշրջանառության առավել խթանման կարևորությունը: Որպես փոխգործակցության հեռանկարային ուղղություններ առանձնացվեցին զբոսաշրջության, էներգետիկայի, կրթության ու գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: Երկուստեք կարևորվեց Երևան-Էրբիլ կանոնավոր չվերթների շուտափույթ վերսկսումը, ինչը մեծապես կնպաստի երկու ժողովուրդների միջև միջմշակութային փոխանակմանը և գործարար կապերի ամրապնդմանը: Կողմերը մտքեր փոխանակեցին նաև համատեղ գործարար համաժողովների անցկացման վերաբերյալ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը այցի շրջանակներում հանդիպեց նաև Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբատ Թալաբանիի հետ: Ի թիվս փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային մի շարք հարցերի՝ քննարկվեցին նաև նորարար կրթության ոլորտում համագործակցության հնարավորությունները:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցավ Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի փոխխոսնակ Հեմին Հաուրամիի հետ: Հանդիպմանը ներկա էին ԻՔ խորհրդարանի ազգային և կրոնական փոքրամասնությունների և տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ: Կողմերը քննարկեցին միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ուղղված քայլերի լայն շրջանակ՝ այդ թվում հայ-իրաքյան միջխորհրդարանական բարեկամական խմբի ձևաչափում։ Հանդիպմանը մասնակցում էր նաև այցով Էրբիլում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

ԱԴԾ-ն հայտարարել է Մինսկում ռազմական հեղաշրջումը խափանելու մասին

Վաշինգտոն նահանգը 2030 թվականից կարգելի բենզինով մեքենաները

4 կուսակցություններ հայտարարություն են տարածել

Բայդենը փախստականների համար ներգաղթի քվոտաներ է սահմանել

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Վարդան Գրեգորյանի մահվան առիթով

Բայդենը և Յոշիհիդե Սուգան պայմանավորվել են համատեղ աշխատել 5G-ի ուղղությամբ

Ապրիլի 19-ին կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մի հատվածի գազամատակարարումը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: