Արյունաբանական կենտրոնն արյան քաղցկեղի ճշգրիտ ախտորոշման նորագույն սարք է ձեռքբերել

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» ներկա են եղել Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային աջակցությամբ ձեռքբերված սարքի հանձնման արարողությանը: Ինչպես տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից, «Navios EX» հոսքային ցիտոմետրի շնորհիվ կբարելավվի արյան քաղցկեղի առաջնային ախտորոշումը եւ մոնիտորինգը, տարեկան ավելի քան 400 պացիենտ լեյկոզների եւ լիմֆոմաների ճշգրիտ ախտորոշում կունենա: Ցրված սկլերոզով պացիենտները եւս կօգտվեն սարքի հնարավորություններից: «Ճապոնիայի կառավարության աջակցությամբ կենտրոնում մատուցվող բժշկական ծառայությունները որակապես մեկ մակարդակ կբարձրանան, քաղաքացիները կստանան ավելի ճշգրիտ ախտորոշում: Ճապոնիայի կառավարության աջակցությամբ տարիներ շարունակ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել Հայաստանում, օրինակները շատ են` համավարակի դեմ պայքարից մինչեւ նոր դասի շտապօգնության մեքենաների նվիրատվությունը: Նպատակը բնակչությանը մատուցվող ծառայությունների հասանելիության եւ որակի ապահովումն է»,- նշել է Լենա Նանուշյանը: «Առողջապահությունը ցանկացած երկրի անվտանգությունը երաշխավորող հիմքերից է: Վստահ եմ, որ այս ծրագիրը կնպաստի Հայաստանի` օրեցօր բերլավվող առողջապահական ոլորտի զարգացմանը»,- նշել է դեսպան Ֆուկուշիմա Մասանորին:
Comments