Search

Արմեն Սարգսյանի ուղերձը Համահայկական ամառային 7-րդ խաղերի մասնակիցներին և հյուրերին


Սիրելի՛ հայրենակիցներ,

Համահայկական ամառային 7-րդ խաղերի հարգելի՛ մասնակիցներ,

Հայաստանի և Արցախի հարգարժա՛ն հյուրեր,

Այսօր դուք գտնվում եք հայկական հինավուրց հողում: Սակայն ձեզնից ոչ մեկը հյուր չէ, որովհետև իրականում դուք տուն եք եկել`ձեր հարազատ հայկական օջախ: Եկել եք մասնակցելու համահայկական միջոցառման, եկել եք վայելելու հայկական միջավայրը, հարստացնելու այն, եկել եք մրցելու և հաղթելու: Իսկ Արցախն ու արցախցին շատ լավ գիտեն, թե ինչ է հաղթանակը:

Այս տարի նշվում է համահայկական խաղերի 20-ամյակը: Ուստի առավել քան խորհրդանշական է համահայկական խաղերն այս անգամ Արցախից՝ պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգից սկսելը:

Հիշենք, որ 385 թվականին Մեծ Հայքի Վարազդատ թագավորը դարձավ օլիմպիական խաղերի առաջին հայ չեմպիոնը:

Համահայկական այս խաղերին խորհրդանշական երեք ջահ է վառվել` հայկական պատմական երեք տարածքներում. Կիլիկյան Հայաստանում` Մուսա լեռան ստորոտին, Արարատյան դաշտում` Խոր Վիրապում, և Արցախում՝ Տիգրանակերտում: Երեք ջահ մեզ առնվազն երեք պատգամ են փոխանցել`միասնական լինելու, մեկ Հայրենիքի շուրջ համախմբվելու և այն հզորացնելու պատգամ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Համահայկական խաղերը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ Հայրենիքին վերստին շաղկապվելու բացառիկ հնարավորություն են: Աշխարհի ավելի քան 35 քաղաքներ ներկայացնող մասնակիցներ Հայաստանում և Արցախում մրցելու են տարբեր մարզաձևերում՝ ձևավորելով միասնություն և համերաշխության խորհրդանշող հայկական ամուր բռունցքը:

Հուսով եմ, որ մեկնարկող խաղերը կպարգևեն շատ վառ ու հիշարժան պահեր, իսկ այցելությունն Արցախ և Հայաստան ձեր մեջ ամենաջերմ ու հաճելի տպավորությունները կթողնի:

Հաջողություն և ամենայն բարիք ձեզ:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia