Search

Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել Airbus և Air Asia ընկերությունների ղեկավարների հետ

Ֆրանսիական Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է համաշխարհային առաջատար Airbus ընկերության տաղավար:

Նախագահը շրջել է տաղավարում, ծանոթացել ներկայացված նոր մոդելների տեխնիկական հնարավորություններին ու դրանցում կիրառվող նորարարական լուծումներին:

Ընկերության փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Լիոնել Շամփոյի հետ նախագահ Սարգսյանը խոսել է Հայաստանի հետ փոխգործակցությունը զարգացնելու հնարավորությունների մասին, առաջարկել այցելել Հայաստան և տեղում ծանոթանալ առկա ներուժին: Նա մասնավորապես ընդգծել է, որ Հայաստանը զարգացման մեծ ներուժ ունի բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում, որոնք հեռանկարային կարող են լինել Airbus-ի հետ համագործակցության առումով: Airbas-ի ներկայացուցիչները Հայաստան այցելելու պատրաստակամություն են հայտնել:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաև Air Asia ընկերության տաղավար: Ընկերությունը համարվում է ասիական տարածաշրջանի ամենահայտնի և ամենապահանջված լոուքոսթերը:

Air Asia ընկերության գործադիր տնօրեն Թոնի Ֆերնանդեսի հետ նախագահ Սարգսյանը քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները և առաջարկել գործունեության համար դիտարկել նաև հայաստանյան շուկան: Նախագահ Սարգսյանը նրան հրավիրել է այցելել Հայաստան, տեղում ծանոթանալ փոխգործակցության հնարավորություններին:

Թոնի Ֆերնանդեսը համագործակցության պատրաստակամություն է հայտնել և ընդունել է Հայաստան այցելելու հրավերը:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia