Արմեն Գրիգորյանը ազգակործան իշխանությունների կամայականությունների հերթական զոհն է. ՀԿ–ներ
- Anews
- Jul 18, 2022
- 2 min read

Մի քանի հասարակական կազմակերպություններ ցավակցական ուղերձ են հղել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին նրա անժամանակ, ողբերգական մահվան կապակցությամբ: Հայտարարությունն ամբողջությամբ ստորեւ. «Խոր վշտով ցավակցում ենք պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին նրա անժամանակ, ողբերգական մահվան կապակցությամբ: Մխիթարանքի մեր խոսքն ենք հղում եւ զորակցություն հայտնում բոլորին: Այս մահը մեծ կորուստ է բոլոր ազգասեր հայերի համար: Հիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի: Արժանապատիվ հայրենակիցնե՛ր, Հուլիսի 15-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի «Կենտրոն» նստավայրում «հանկարծամահ» եղավ հայտնի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որը հանրությանը հայտնի էր իբրեւ այլախոհ եւ ներկա իշխանությունների հանդեպ կոշտ դիրքորոշում ունեցող անհատ: Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր ս.թ. մայիսի 17-ին իբր թե ազգային, ռասայական եւ կրոնական խտրականություն քարոզելու մեղադրանքով: Խախտելով անմեղության կանխավարկածը՝ նրա նկատմամբ ԱԱԾ-ն գործադրել էր ձերբակալման անմարդկային դաժանություն: Որեւէ դիմադրություն ցույց չտվող քաղաքացուն բերման էին ենթարկել որպես առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձի: Նրան բերման ենթարկելու ստորացուցիչ կադրերը տարածվել են համացանցում: Դժվար չէ ենթադրել, թե ինչ հոգեկան եւ ֆիզիկական կտտանքների է ենթարկվել Ա. Գրիգորյանը կալանքի տակ գտնվելու շուրջ 2 ամիսների ընթացքում: Մեր խորին համոզմամբ՝ Ա. Գրիգորյանը սույն ազգակործան իշխանությունների կամայականությունների հերթական զոհն է: Այդ մասին է վկայում նաեւ այն փաստը, որ Ա. Գրիգորյանին ձերբակալել են 2022թ.-ի մայիսի 17-ին այն արտահայտությունների համար, որոնք նա արել էր ավելի քան 1 տարի առաջ: Եթե նրա ասածներն իրենց մեջ պարունակում էին հանցակազմի տարրեր, ապա ինչո՞ւ նրան ձերբակալեցին մեկ տարի հետո: Մենք կարծում ենք, որ նրա մահը կանխամտածված գործողությունների հետեւանք է, որն, ըստ էության, սպանություն է: Պարտադիր չէ, որ սպանությունը իրականացվի բռնի ֆիզիկական գործողություններով: Ըստ ՀՀ նոր Քրեական օրենսգրքի 450 հոդվածի՝ սպանություն է նաեւ ֆիզիկական եւ հոգեկան ուժեղ տառապանքներ պատճառելու միջոցով մահվան հասցնելը: Արմեն Գրիգորյանը հերթական զոհն է, դա՛ է մեր համոզմունքը»: «Պահեստազորի սպաներ» շարժում «Ձայն հայրենեաց» մշակույթի գործիչների շարժում «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների ՀԿ «Հայ ազգային գվարդիա» ՀԿ «Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն» ՀԿ «Իրավունքի եւ արժեքների գերակայություն» ՀԿ «Վերադարձ» հիմնադրամ
Comments