Search

Արհեստական բանականությունը կստեղծի WCIT-ի հիմնը

Հոկտեմբերի 6-9-ը Երևանում կանցկացվի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ World Congress on Information Technology (WCIT): WCIT-ն աշխարհի խոշորագույն ՏՏ իրադարձությունն է, որը միավորում է տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտների համաշխարհային հսկաների ղեկավարներին, առաջատար ընկերություններին, կրթական և գիտահետազոտական կենտրոններին, տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչներին և այլն: Կոնգրեսի պաշտոնական բացումը կազդարարվի հոկտեմբերի 6-ին՝ ժամը 20:00, Հանրապետության հրապարակում կայանալիք տոնական համերգով: Հատուկ միջոցառման համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծվել է WCIT համաշխարհային նվագախումբը՝ բաղկացած 14 երկրներ ներկայացնող 75 արտասահմանցի և 30 հայ երաժիշտներից: Օտարերկրյա երաժիշտները ներկայացնում են այն երկրները, որտեղ անցյալում անցկացվել է WCIT-ն՝ Կանադա, Նիդեռլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայվան, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան: Համերգի ընթացքում համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ նվագախումբը դուրս կգա բեմ՝ ներկայացնելու հենց տեղում արհեստական բանականության կողմից ստեղծվող երաժշտությունը: Արհեստական բանականության աշխատանքի արդյունքը երաժիշտների պլանշետներին ուղարկվելու է իրական ժամանակում, այսինքն՝ երաժիշտները նախապես ծանոթ չեն լինելու ներկայացվող նյութին: Արհեստական բանականությունը գեներացնելու է երաժշտություն հայկական շարականների հիման վրա։ Մասնակից երկրների հիմների հիման վրա ստեղծելու է նաև WCIT-ի օրհներգը: Համերգը կղեկավարի ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ով նվագախումբը ստեղծելու և իրական ժամանակում արհեստական բանականության ժամանակակից տեխնոլոգիաները և երաժշտությունը համատեղելու նորարար գաղափարի հեղինակն է: Նվագախմբի հետ հանդես կգա նաև միջազգային ճանաչում վայելող ԴիՋեյ Արմին վան Բյուրենը:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia