top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արեւմուտքը պետք է դադարեցնի Թեհրանի հասցեին անպտուղ մեղադրանքները․ Իրանի ԱԳ նախարար



Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հերքել է Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին պնդումները՝ ընդգծելով, որ Արեւմուտքը պետք է դադարեցնի Թեհրանի հասցեին անպտուղ մեղադրանքները, գրում է Mehr-ը։ «Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին պնդումները սուտ են»,- Twitter-ում գրել է Իրանի ԱԳ նախարարը՝ հերքելով Ուկրաինայի պատերազմում Ռուսաստանին Իրանի ռազմական օգնության մասին պնդումները։ «Իրանի եւ Ուկրաինայի քաղաքական եւ ռազմական պատվիրակությունները պետք է երկրորդ հանդիպումն անցկացնեին, սակայն որոշ արեւմտյան կողմեր միայն հայտարարություններ են անում եւ ոչ մի փաստաթուղթ չեն ներկայացնում»,- ասել է Ամիր Աբդոլլահիանը։ «Արեւմուտքը պետք է դադարեցնի այս անպտուղ խաղը։ Իրանը աջակցում է խաղաղությանը եւ դեմ է պատերազմին»,- ընդգծել է նա։ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի պաշտոնյաներն ու ԶԼՄ-ները արդեն մի քանի ամիս է պնդում են, որ Իրանը Ռուսաստանին հարյուրավոր անօդաչու սարքեր է մատակարարում Ուկրաինայում ռազմական գործողության համար: Ռուսաստանի եւ Իրանի պաշտոնյաները հերքել են այդ մեղադրանքները՝ մեղադրելով արեւմտյան երկրներին այն բանում, որ իրենց օգտագործում են Կիեւին զենքի սեփական մատակարարումները արդարացնելու համար։

0 comments

Comments


bottom of page