Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը փոխգործակցության հուշագիր կստորագրեն

Այսօր՝ մայիսի 2-ին ԱՄՆ պետքարտուղարությունում նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարությունից: Պետքարտուղար Բլինքենը եւ Արարատ Միրզոյանը քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում ((Strategic Civil Nuclear Cooperation) ռազմավարական փոխգործակցության եւ փոխըմբռնման հուշագիր կստորագրեն: Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 2-6-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին: Վաշինգտոնում Արարատ Միրզոյանը նաև հանդիպումներ կանցկացնի USAID տնօրեն Սամանթա Փաուերի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի և այլ գործընկերների հետ։ Տեղի կունենան հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը ելույթով հանդես կգա Ատլանտյան խորհուրդ ուղեղային կենտրոնում։