Search

Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանի հետ


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանի հետ։ Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը չափազանց կարևոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն ցանկացել։ Նա իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու արցախցի գործընկերներին իրենց գործունեության բոլոր ոլորտներում։ Հայաստանի խորհրդարանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Արցախի՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովի հետ գոյություն ունեցած սերտ համագործակցությունը էլ ավելի է զարգանալու։ Արթուր Թովմասյանը, ողջունելով իր պաշտոնակցին, նշել է, որ երկու խորհրդարանները մեծ աշխատանք ունեն կատարելու հայ ժողովրդի ընդհանուր օրակարգի՝ այդ թվում Արցախյան հիմնախնդրի և Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Արցախի օրենսդիր մարմնի ղեկավարը հավաստիացրել է, որ պահպանելու և զարգացնելու են կապերը ՀՀ Ազգային ժողովի հետ։ Նա պատրաստակամություն է հայտնել նոր թափ հաղորդելու երկու խորհրդարանների աշխատանքին նաև հանձնաժողովների մակարդակում։ Զրուցակիցների քննարկումը շարունակվել է արդեն ընդլայնված կազմով։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia