Search

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է 2022 թ. «Ավրորայի» հերոսների անունները


Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է 2022 թ. «Ավրորայի» հերոսների անունները, որոնք վտանգում են սեփական կյանքն ուրիշներին օգնելու համար: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ նրանք «Ավրորայի» հերոս են դարձել իրենց ունեցած բացառիկ ազդեցության, խիզախության եւ նվիրվածության համար:

Մեկ միլիոն ԱՄՆ դոլար մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, արձագանքելով մարդասիրական խնդիրներին ամբողջ աշխարհում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Հերոսների անունները հայտարարվել են Մատենադարանում. նրանցից մեկը կդառնա 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր: «Ավրորան» մեծարում է մերօրյա երեք հերոսների, որոնք կրթության հնարավորություն են տալիս կանանց եւ աղջիկներին Աֆղանստանում, ազատում ռազմագերիներին Եմենում եւ պաշտպանում մարդու իրավունքները Եգիպտոսում։

«Մերօրյա այսպիսի բացառիկ հերոսները մեզ հիշեցնում են այն մասին, որ ամենադժվարին պահերին անգամ լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք հավատում են եւ պատրաստ են արտասովոր քայլերի՝ պաշտպանելու լուսավոր ապագան: Մեզնից շատերն այսօր կարող են ճնշված զգալ՝ առնչվելով մարդկային վշտի ու տառապանքի անվերջ թվացող ալիքին: Բայց «Ավրորայի» հերոսները շարունակում են լինել կարեկցանքի փարոս՝ առաջնորդելով եւ ոգեշնչելով մարդկայնությանը: Պատիվ է մասնակից լինել այս նախաձեռնությանը, որը նրանց ճանաչման է արժանացնում եւ աջակցում»,- ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին:

2022 թ. «Ավրորայի» հերոսներն են.

Ջամիլա Աֆղանի (Աֆղանստան). խաղաղության ակտիվիստ եւ «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր: 25 տարի նա պայքարել է, որպեսզի Աֆղանստանում ապրող կանանց համար կրթությունը դառնա հասանելի: Երբ թալիբները վերցրին իշխանությունը, Ջամիլա Աֆղանին ստիպված եղավ լքել իր հայրենիքը: Բայց նույնիսկ դրանից հետո նա չի հանձնվում՝ շարունակելով պայքարել իր ժողովրդի համար:

Մահինուր էլ-Մասրի (Եգիպտոս). փաստաբան եւ քաղաքական ակտիվիստ Եգիպտոսից: Նա պայքարում է երկրում քաղաքական ազատությունների եւ մարդու իրավունքների համար, կազմակերպում է բողոքի խաղաղ ակցիաներ եւ դատարանում պաշտպանում քաղբանտարկյալների իրավունքները: Եգիպտոսում պաշտոնական քաղաքականության հետ անհամաձայնություն հայտնելը կարող է վտանգավոր լինել․ Մահինուր էլ-Մասրին իր գործունեության պատճառով մի քանի անգամ ձերբակալվել է եւ բանտարկվել: Այդուհանդերձ, նա չի կորցնում լավատեսությունն իր երկրի ապագայի հանդեպ եւ ձգտում է լինել դրական փոփոխությունների առաջամարտիկ։

Հադի Ջուման (Եմեն). խաղաղության ակտիվիստ եւ միջնորդ-բանակցող Եմենից: Նա պարբերաբար վտանգում է իր կյանքը, որպեսզի կազմակերպի ռազմագերիների փոխանակում եւ առաջնագծից դուրս բերի այնտեղ մնացած զոհվածների մարմինները: Քանի որ քաղաքացիական պատերազմի հետեւանքով Եմենը շարունակում է մնալ երկարատեւ քաղաքական եւ հումանիտար ճգնաժամի մեջ, Հադի Ջումանը ընտանիքներին տալիս է միակ սփոփանքը, որ նրանց անհետ կորած համարվող սիրելի մարդիկ, ի վերջո, կարող են հանգչել խաղաղությամբ:

«Որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ ես գիտեմ, թե որքան կարեւոր է աջակցությունը եւ ճանաչումը միջազգային մակարդակով: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հնարավորություն է տալիս ակտիվիստներին եւ իրավապաշտպաններին, որոնք հաճախ միայնակ են գործում, առաջ մղելու իրենց աշխատանքը եւ ավելի մեծ արդյունք գրանցելու: Ես կցանկանայի շնորհավորել 2022 թ. «Ավրորայի» հերոսներին եւ մաղթել նրանց լավագույնն իրենց գործունեության մեջ»,- նշել է «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման» կազմակերպության (SOFEPADI) եւ Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր, 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեն:

2022 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը պաշտոնապես բացվել է 2021 թ. ապրիլի 24-ին: 633 առաջադրում է եղել 62 երկրից՝ ներառյալ ԱՄՆ, Բրազիլիա, Հայաստան, Հնդկաստան, Նիգերիա, Չեխիա, Պակիստան, Ռուանդա, Վրաստան եւ Ուկրաինա: Ամեն տարի «Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է ընձեռում նրան շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու այն կազմակերպություններին, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին:

«Ամեն տարի ես հիանում եմ այն բացառիկ հերոսներով եւ նրանց աշխատանքով, որոնց աջակցում է «Ավրորան»: Նրանք առնչվում են բազմաթիվ խնդիրների աներեւակայելի պայմաններում, երբ գրեթե ամեն ինչ նրանց դեմ է, բայց, այդուհանդերձ, նրանց մարդասիրությունը, հավատը, քաջությունն օգնում են նրանց շարունակել առաջ շարժվել: Ես մեծ հույս ունեմ, որ աշխարհը դասեր կառնի նրանցից, այդպես այն, հաստատ, շատ ավելի լավը կդառնա»,- նշել է 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ եւ Սուդանի «Գթության մայր» հիվանդանոցի բժշկական տնօրեն Թոմ Քաթինան:

Ըստ ավանդույթի, 2022 թ. «Ավրորայի» հերոսների անուններն արձանագրվել են 21-րդ դարում ստեղծված «Մատյան մարդասիրաց» եզակի ձեռագրում, որը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության յուրահատուկ տարեգիրքն է: Այն կցուցադրվի Մատենադարանում:

Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2023թ․ հունվարի 1-ից եվրոգոտուն միանալու Խորվաթիայի հայտին

Հունաստանի վարչապետը քննադատել է Թուրքիայի ագրեսիվ պահվածքը

ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Չինաստանի արտգործնախարարի հետ

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին. Բրեդ Շերման

Fly Arna-ն գործարկեց երկրորդ չվերթը՝ Երևան-Շարմ Էլ Շեյխ

Ուշադիր նկարահանում են, որ հետո զորակոչի ծանուցագիր ուղարկեն․ Գեղամ Մանուկյան

Պետք է պատրանք չունենալ, թե ուժի կիրառմամբ կարելի է խաղաղության հասնել. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png