Search

«Ավստրիան կարեւորում է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցության խորացումը»


ՀՀ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ներկայացուցիչները մայիսի 10-ին հանդիպել են Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը խոսել է երկու երկրների միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների մասին, կարեւորել օրենսդիր կառույցների բարեկամական խմբերի միջեւ համագործակցության խորացումը, արժեւորել Ավստրիայի խորհրդարանական կառավարման փորձի ուսումնասիրումը:

Խոսելով Եվրամիության անդամ երկրների կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի մասին՝ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավարը հույս է հայտնել, որ Ավստրիայի կողմից փաստաթղթի վավերացումը չի ուշանա:

Զրուցակիցները խոսել են զբոսաշրջության, գյուղատնտեսության եւ մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունից:

Տնտեսական հարաբերությունների զարգացման համատեքստում Վիկտոր Ենգիբարյանն անհրաժեշտ է համարել Երեւանում հայ-ավստրիական գործարար համաժողովի անցկացումը:

Ավստրիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի խոսքով՝ Հայաստանը՝ որպես պատմական, մշակութային հարուստ ավանդույթներ ունեցող երկիր, Ավստրիայի համար կարեւոր գործընկեր է: Գուդրուն Քուգլերը  պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ սերտ համագործակցության զարգացմանը: Նա նշել է, որ Ավստրիան կարեւորում է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցության խորացումը:

Հայ խորհրդարանականները հյուրերի խնդրանքով ներկայացրել են ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները, խոսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, տարածաշրջանային այլ հարցերի վերաբերյալ:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia