Ավստրիայում բնակչությանն աճող ծախսերի համար 28 մլրդ եվրո փոխհատուցում կտրամադրվի

Ավստրիայի կառավարությունը, բարձր գնաճի համատեքստում, ավելի քան 28 մլրդ եվրոյի օգնության փաթեթ կտրամադրի՝ բնակչության աճող ծախսերը փոխհատուցելու նպատակով։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը։
«Մենք որոշել ենք մարդկանց վերադարձնել այն փողը, որը նրանցից խլել է գնաճը։ Մեզ հաջողվել է ստեղծել ավելի քան 28 մլրդ եվրոյի փաթեթ, որպեսզի թեթեւացնենք մարդկանց ծանրաբեռնվածությունը»,- ասել է Նեհամերը Վիեննայում հրավիրված մամուլի ասուլիսում։
Կանցլերն ավելացրել է, որ օգնության փաթեթը պետք է թեթեւացնի այն բեռը, որին բնակչությունը բախվել է տնտեսության բոլոր հատվածներում գնաճի հետեւանքով առաջացած թանկացումների պատճառով։
Նրա խոսքով՝ թեկնածուները կստանան 500-ից 1 000 եվրո, հարկատուները նույնքան գումար կստանան ավելացած ծախսերի փոխհատուցման համար, երեխաներ ունեցող ընտանիքները կստանան 900 եվրո մեկ երեխայի համար, սակավ ունեւորներին կցուցաբերվի 800 մլն-ի չափով օգնություն։
Ավստրիայում գնաճի մակարդակը ռեկորդային ձեւով սկսել է բարձրանալ 2022թ. փետրվարից։ Մարտին եւ ապրիլին այն արդեն հասել էր առավելագույնին 1981-ից ի վեր՝ 6,8 եւ 7,2 տոկոս։ Գնաճի ավելացումը վերաբերում է վառելիքի, էներգառեսուրսների եւ սննդամթերքների գների թանկացմանը։ Մայիսին այն առավելագույնն էր 1975-ից ի վեր՝ 8,0 տոկոս։