Ավինյանն այցելել է Քանաքեռ-Զեյթուն
Շուրջ 7200 քմ տարածք զբաղեցնող Երևանի Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգին ամբողջությամբ կբարեկարգվի: Բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար կստեղծվեն հարմարավետ պայմաններ: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը ծանոթացել է հանգստի գոտու նախագծին: Զբոսայգու ոռոգման համակարգի արդիականացման աշխատանքները կմեկնարկեն արդեն այս տարվանից: Ծրագրի շրջանակում ավելացվելու է կանաչ գոտին: Փոխքաղաքապետ Ավինյանը հանձնարարել է գործընթացը կազմակերպել այնպես, որ այգու շահագործումից հետո խնամքի հարցում լինեն հստակ պատասխանատուներ: Զբոսայգում կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, զրուցատաղավարներ, մարզական սարքեր ու մանկական խաղեր, կարդիականացվի արտաքին լուսավորության ցանցը: Թե ինչ խնդիրներ կան վարչական շրջանում՝ բնակիչներն անձամբ են ներկայացնում փոխքաղաքապետին: Տիգրան Ավինյանն ընդգծում է՝ այցերի նպատակը հենց տեղում խնդիրների հավաքագրումն է, որպեսզի հետագայում դրանք ըստ առաջնահերթության դառնան ծրագրեր: Պարույր Սևակի և Դրոյի փողոցների խաչմերուկին հարակից հատվածն այսօր անխնամ է: Ժամանակին արված նախագծով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տարածքում նախատեսում է եկեղեցի կառուցել: Հաշվի առնելով բնակիչների դիտարկումը՝ հանձնարարվեց մինչ ծրագրի իրականացումը հարակից հատվածները համայնքի ծրագրով բարեկարգել և հանգստի գոտի ձևավորել: Քանաքեռ-Զեյթունում ընթացիկ տարում բարեկարգ ու հարմարավետ կդառնա նաև ինը բակային տարածք:
Comments