Search

Աստղիկ Ավետիսյանը կոչ է անում բոլոր լրատվամիջոցների ղեկավարներին


ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, Հայկական Փի Ար ասոցիացիայի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը բոլոր լրատվամիջոցների ղեկավարներին հորդորում է սոցիալական ցանցերի մեկնաբանությունները դարձնել վերահսկելի:

Այս մասին նա հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում.

«Կոչ, խնդրանք, հորդոր, աղաչանք բոլոր լրատվամիջոցների ղեկավարներին (իհարկե, ովքեր իրական լրագրության հետ գործ ունեն), խնդրում եմ, սոցիալական ցանցերի մեկնաբանությունները դարձրեք վերահսկելի, խնդրեք խմբագրակազմին, որպեսզի յուրաքանչյուր վիրավորական խոսք, հայհոյանք, զառանցանք, անեծք, ոչ պատշաճ արտահայտություն հեռացնեն։ Անկախ նրանից, թե դուք որ բանակում եք գտնվում, անկախ նրանից, թե դուք ում եք համակրում, անկախ նրանից, թե դուք ինչ եք զգում։ Թույլ մի տվեք, որ այս երևույթը դառնա սովորական։ Վերջին երեք տարիներին հասարակության արժեհամակարգը փոխակերպման է ենթարկվել, դեգրադացվել։ Սոցիալական մեդիան գրագետ կառավարելու պարագայում մենք կարող ենք մի քանի տարի հետո ունենալ հանրույթի վարքագծի փոփոխություն։

Հ.Գ. Յուրաքանչյուր գրառումից, հարցազրույցից, հոդվածից, վերլուծությունից, մեկնաբանությունից հետո 100֊ից ավելի հայհոյանք։ Հայ կանայք ու տղամարդիկ, հայ տատիկ ու պապիկների կողմից գրվում են ոչ վայելուչ, փողոցային, գռեհիկ արտահայտություններ։ Ես ամաչում եմ, որ այդ մարդիկ իրական են, որ ունեն ընտանիք, երեխա և թոռ։ Այստեղ միայն գրեմ, ով ում հայհոյում է բումերանգի նման իրեն է վերադառնում։ Զայրույթս մեծ է, բայց բավարարվեմ այսքանով»։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia