top of page

Առողջ քննադատությունն ու մասնագիտական վերլուծություններն անտեսված են․ Աստղիկ Ավետիսյան


Պետական գերատեսչությունները վերջին տարիներին իրականացնում են ուղղահայաց հաղորդակցություն, հաճախ անտեսում են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցադրումները, փակ դռների հետևում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք բերում են հասարակության վստահության անկմանը, և գերատեսչությունները հայտնվում են ճգնաժամային իրավիճակում։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ․գ․թ․, հաղորդակցության և մեդիա փորձագետ Աստղիկ Ավետիսյանի հետ։


Տիկին Ավետիսյան, ինչպե՞ս եք կսահմանեք «ճգնաժամային իրավիճակ» հասկացությունը պետական գերատեսչությունների տեղեկատվության փոխանցման և հաղորդակցության իրականացման տեսանկյունից։ Որո՞նք են այն բնութագրիչները, որոնք թույլ են տալիս հասկանալ, որ ճգնաժամային իրավիճակ է։


Ճգնաժամային իրավիճակն այն է, երբ որևէ իրադարձություն կամ տեղեկատվություն սպառնում է պետական մարմնի հեղինակությանը, հանրութան վստահությանը, կամ ազդում է քաղաքացիների անվտանգության, առողջության, բարեկեցության վրա։ Ճգնաժամը բնութագրվում է անկանխատեսելիությամբ, արագ զարգացող իրադարձություններով և հանրային մեծ արձագանքով։ Ճգնաժամի նշաններից են՝ տեղեկատվական մեծ հոսքը և սոցիալական ցանցերում դրա արագ տարածումը, հանրային պահանջարկը պաշտոնական մեկնաբանությունների, ապատեղեկատվության աճը, հանրային վրդովմունքը կամ վստահության անկումը պետական մարմնի նկատմամբ։


 Որո՞նք են պետական գերատեսչությունների արդյունավետ հաղորդակցության հիմնական սկզբունքները արտակարգ իրավիճակներում (պատերազմներ, համաճարակներ, հումանիտար աղետներ):

Արտակարգ իրավիճակներում հաղորդակցությունն արդյունավետ է, եթե հետևում է հետևյալ սկզբունքներին՝

  • Անմիջականություն և արագություն՝ տեղեկատվությունը պետք է տրամադրվի օպերատիվ, նախքան ապատեղեկատվությունը կտարածվի։

  • Թափանցիկություն՝ չթաքցնել փաստերը, այլ մատուցել հստակ, առանց խուճապ առաջացնելու։

  • Կոորդինացիա՝ տարբեր գերատեսչությունների և կառույցների խոսնակները պետք է համաձայնեցված ուղերձներ փոխանցեն։

  • Հասանելիություն և հստակություն՝ տեղեկատվությունը պետք է լինի հասկանալի բոլոր խմբերի համար, ներառյալ խոցելի շերտերը։

  • Հասարակության ապրումակցման ընդգծում՝ կարեկցանքը, աջակցությունը և վստահության ձևավորումը առաջնային նշանակություն ունեն։

 

Ձեր կարծիքով՝ ի՞նչ սխալներ են ավելի հաճախ թույլ տալիս պետական կառույցների տեղեկատվության փոխանցման և հաղորդակցության մասնագետները ճգնաժամի ժամանակ, և ի՞նչ մեխանիզմներ կարող են օգնել դրանք կանխելու համար։



Հաճախ հանդիպող սխալներից են՝

  • Նախ ՝լռությունը կամ ուշացած արձագանքը, երբ մամուլի ծառայությունը չի արձագանքում ժամանակին, ինչը տեղ է թողնում շահարկումների ու վարկաբեկման համար։ Երկրորդ չհամաձայնեցված հաղորդագրությունները, երբ տարբեր պաշտոնյաներ տարբեր տեղեկություններ են տարածում կամ փոխանցում։ Երրորդ՝ անհասկանալի ձևակերպումներ կամ չհստակեցված ուղերձներ, որոնք հասարակության կողմից չեն ընկալվում։ Չորրորդ՝ աղբյուրների բացակայությունը կամ միայն մեկ աղբյուրի վրա հիմնվելը։

Սրանցից խուսափելու մեխանիզմներն են՝

  • ճգնաժամային հաղորդակցության ծրագիր ունենալը,

  • խոսնակի և համապատասխան բաժինների պատրաստվածության շարունակական բարձրացումը,

  • սիմուլյացիոն վարժանքների իրականացումը,

  • լրատվամիջոցների և հանրության հետ մշտական կապի հաստատումը,

  • գրագետ և հստակ հաղորդագրությունների պատրաստումը,

  • իրադարձությունների ժամանակ կոմպետենտ բանախոսի ներգրավումը,

  • փաստերի վրա հիմնված հաղորդակցությունն ու թափանցիկ աշխատանքը։


Ինչպիսի՞ն պետք է լինի պետական մարմնի տեղեկատվություն փոխանցող և հաղորդակցություն իրականացնող ստրաբաժանման  իդեալական մոդելը խաղաղ պայմաններում։ Ո՞ր ֆունկցիաներն են առաջնահերթ՝ իրազեկում, բացատրում, երկխոսություն ձևավորում,  վերլուծում և այլն։


Խաղաղ պայմաններում հանրային կապերի, տեղեկատվության փոխանցման և հաղորդակցություն իրականացնող ստորաբաժանումը պետք է աշխատի կանխարգելիչ և կառուցողական մոտեցմամբ։ Նշեմ միայն կարևորները՝ առաջինը՝ ճշգրիտ, համակարգված և պարբերական տեղեկատվության փոխանցումն է, այսինքն՝ իրազեկումը։ Երկրորդը՝ վարվող քաղաքականության նպատակները, բովանդակությունը և ազդեցությունը հստակ ներկայացնելն է, այսինքն՝ հանրությանը բացատրել և կրթել։ Երրորդը՝ երկխոսությունն ու  հետադարձ կապն է՝ լսել հանրությանը, արձագանքել, պատասխանել նրանց մտահոգող հարցերին։ Չորրորդ՝ վերլուծություն և օրակարգի ձևավորում՝ ուսումնասիրելով մեդիա դաշտը, հանրային տրամադրությունները և համացանցային հոսքերը՝ ձևավորել կառուցողական և համախմբող օրակարգ, իսկ արտակարգ իրավիճակներում շատ ավելի են կարևորվում մասնագիտական գործիքների, օպերատիվ արձագանքման և հետադարձ կապի ապահովման մեխանիզմները։


Որքանո՞վ է կարևոր պետական մարմինների համագործակցությունը անկախ մեդիայի և ՔՀԿ-ների հետ ճգնաժամային պայմաններում։ Կա՞ն արդյոք օրինակներ հայկական պրակտիկայից, որոնք Ձեր կարծիքով, արժանի են ուշադրության որպես հաջողված դեպքեր։


Իրականում՝ նման համագործակցությունը ոչ միայն ցանկալի է, այլ պարտադիր։ Անկախ մեդիան և ՔՀԿ-ները ներկայացնում են հանրության ձայնը, վստահելի աղբյուր են և տեղեկատվության տարածման ուժեղ ալիք։ Միաժամանակ, նրանք կարող են նպաստել իրավիճակի մշտադիտարկմանը և ռիսկերի բացահայտմանը։Օրինակ կարելի է բերել COVID-19 համավարակի ընթացքում առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների որոշ փուլերում համագործակցությունը ՔՀԿ-ների հետ, որոնք իրականացնում էին վերլուծություններ, աջակցում հանրային իրազեկման գործում։ Չնայած որ իշխանության կողմից հնչեցված ուղերձները հաճախ ավելի շատ մարդկանց թյուրիմացության մեջ էին գցում, քան օգնում։ 44 պատերազմի ժամանակ լրատվամիջոցները փորձում էին ապատեղեկատվություն չտարածել, հստակեցնել տեղեկատվության փոխանցման մեխանիզմները, բայց ընտրված կարգախոսն ու պատերազմի ելքն այլ բան հուշեցին, որ հասարակությունը լավ չէր էլ պատկերացնում, թե ինչքան լուրջ է իրավիճակը, հաճախ հնչող պոպուլիստական հայտարարությունները, մանիպուլացված տեղեկատվությունը բերեց նրան, որ հասարակության վստահությունը կոտրվեց, և բոլորս հայտնվեցինք ճգնաժամային իրավիճակում։ Այսօր պետությունն է ճգնաժամային իրավիճակում, իշխանության կողմից վարվող պետական քաղաքականությունը հստակ չէ, անտանգության հարցերը լուծված չեն, իշխող ուժը ոչ դեմոկրատական մեթոդներով կայացնում է որոշումներ, ընդունում է օրենքներ, որոնք հանրային քննարկման չեն դրվում, իսկ հասարակության բևեռացումը շարունակվում է։ ԶԼՄ-ներն ու հասարակական կազմակերպություններն էլ բաժանվել են սևերի ու սպիտակների։ Առողջ քննադատությունն ու մասնագիտական վերլուծություններն էլ անտեսված են ու կորցրել են ազդեցության լծակները։

Լրագրող՝ Աննա Մանուկյան

 
 
 

Comments


bottom of page