Search

Առաջնագծի զորամասերում կորոնավիրուսի հայտնաբերման դեպք չունենք. ՊՆ մամուլի խոսնակ


ՀՀ Զինված ուժերի առաջնագծի զորամասերում կորոնավիրուսի հայտնաբերման դեպք չի արձանագրվել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Մեկուսացված զինծառայողները մարտական խնդիրներում չներգրավված զորամասի անձնակազմից են: Այս պահին մենք որևէ արձանագրված դեպք չունենք առաջնագծի զորամասերում: Իրավիճակը վերահսկվում է»,- ասաց Ստեփանյանը:

Մարտի 27-ին Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 2 զինծառայողի մոտ: Զինծառայողները հոսպիտալացված են, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուս է հայտնաբերվել 5 զինծառայողի մոտ, նրանց հետ շփում ունեցածները մեկուսացված են:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 329 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 28 քաղաքացի: Մարտի 26-ին մեկ քաղաքացի մահացել է: Մեկուսացումից դուրս է եկել 100-ից ավելի մարդ:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia