top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Առանց միասնության խաղաղություն չկա. Բայդեն


«Սա հրաշալի երկիր է, եւ մենք լավ մարդիկ ենք: Մենք ընդունակ ենք մեծ բաների»: Այս մասին իր երդմնակալության խոսքում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Նա հիշեցրել է, որ երկրում պետք է շատ բան շտկել եւ վերակառուցել: «Պատմությունը, հավատը եւ բանականությունը մեզ ցույց կտան միասնության ճանապարհը»,- ընդգծել է նախագահը:

Նշելով, որ ամերիկյան հասարակության մեջ տարաձայնություններ կան, Բայդենը հիշեցրել է, որ տարաձայնությունները չպետք է պառակտման պատճառ դառնան: Նա հավաստիացրել է, որ մտադիր է լինել բոլոր ամերիկացիների նախագահը: Բայդենը հասարակության մեջ ավելի մեծ փոխադարձ հարգանքի կոչ է արել: Նա նշել է, որ միասնությունն անհրաժեշտ է երկրի մեծությունը պահպանելու համար: «Դադարեք բղավել եւ իջեցրեք քննարկման ջերմաստիճանը: Առանց միասնության խաղաղություն չկա,- շարունակել է նա։ «Միասնությունն առաջ տանող ճանապարհ է: Մենք պետք է այս պահը դիմավորենք որպես Ամերիկայի Միացյալ Նահանգներ»,- հավելել է նա՝ ընդգծելով «միացյալ» բառը: «Ամերիկան փորձարկվել է դարերի հնոցներում եւ նա դիմացել է: Այսօր մենք տոնում ենք ոչ թե թեկնածուի, այլ գործերի հաղթանակը: Ժովրդավարության գործի։ Ժողովրդավարությունը հաղթել է»,- ասել է Բայդենը, հաղորդում է BBC-ն:

Լուծման ենթակա խնդիրների շարքում ԱՄՆ 46-րդ նախագահը նշել է աճող անհավասարությունն ու համակարգային ռասիզմը:

Նախագահ Բայդենի ելույթից հետո «քանթրի» ոճի կատարող Հարթ Բրուքսը կատարել է Amazing Grace երգը:

Երդմնակալության արարողությունից հետո Բայդենը եւ փոխնախագահ Քամալա Հարիսը կմասնակցեն Առլինգթոնի ազգային գերեզմանատանը անհայտ զինվորի գերեզմանին ծաղկեպսակ դնելու արարողությանը, նշում է «Ամերիկայի ձայնը»:

Դրանից հետո Բայդենը նախատեսում է ստորագրել մի շարք հրամանագրեր եւ նախագահական այլ հրահանգներ:

Նրա անցումային թիմը հայտնել է, որ խոսքը ԱՀԿ-ի հետ համագործակցության վերսկսման, Փարիզի կլիմայի համաձայնագրին կրկին միանալու, գերակշռող մահմեդական բնակչությամբմի շարք երկրներից ԱՄՆ մուտքի արգելքի վերացման, ԱՄՆ-ում ռասայական հավասարությունը խթանելու եւ մանուկ հասակում անօրինական երկիր մտած մարդկանց պաշտպանությունն ուժեղացնելու կառավարության ջանքերի մասին է: Բացի այդ, ակնկալվում է, որ Բայդենը ամերիկացիներին կհորդորի կատարել իրենց «հայրենասիրական պարտքը» եւ դիմակներ կրել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար:

Երդմնակալության օրը սովորական պարահանդեսի փոխարեն չորեքշաբթի երեկոյան եթեր կհեռարձակվի «Պատվի արժանացնելով Ամերիկան» հատուկ հեռուստածրագիրը, որում ելույթ կունենան Բայդենն ու Հարիսը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page