Առանց Բաքվի համաձայնության ԵՄ-ի դիտորդների տեղակայումը կարող է արդյունավետ չլինել․ Լավրով
Չնայած նրան, որ մենք դաշնակիցներ ենք, չնայած նրան, որ այս առաքելությունն ամբողջությամբ պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է Եվրամիության հետ պայմանավորվել, որպեսզի այնտեղ երկարաժամկետ հիմքով քաղաքացիական դիտորդների առաքելություն տեղակայվի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք դժվարություններ ունենք՝ կապված Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ։ Երբ մեր հայ բարեկամները Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության անհրաժեշտության մասին հարցն էին առաջ տանում՝ այնտեղ ինչ-որ կայունություն ապահովելու համար։ Եվ մենք Երեւանում գագաթաժողովի ժամանակ համաձայնության եկանք այս առաքելության պարամետրերի վերաբերյալ փաստաթղթի շուրջ։ Բայց այն չահջողվեց ընդունել, քանի որ հայ գործընկերները սկսեցին պնդել, որ այդ փաստաթղթում Ադրբեջանը պետք է խստորեն դատապարտվի։ Մենք բացատրեցինք, որ եթե խոսքը դատապարտման, հռետորաբանության, դիրքորոշումներ հայտնելու մասին է, ապա այստեղ յուրաքանչյուրն ազատ է անել այն, ինչ ուզում է։ Բայց եթե մենք ցանկանում ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել, ապա սա, պարտադիր չէ, որ պայմանավորված լինի ինչ-որ արտաքին նշաններով, ինչ-որ հայտարարություններով եւ առավել եւս խիստ: Մենք դեռ պատրաստակամ ենք Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու։ Այնուամենայնիվ, չնայած նրան, որ մենք դաշնակիցներ ենք, չնայած նրան, որ այս առաքելությունն ամբողջությամբ պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է Եվրամիության հետ պայմանավորվել, որպեսզի այնտեղ երկարաժամկետ հիմքով քաղաքացիական դիտորդների առաքելություն տեղակայվի։ Դե, դա, ըստ էության, Հայաստանի իրավունքն է, բայց չպետք է մոռանալ, որ խոսքը Ադրբեջանի հետ սահմանի մասին է եւ հավանաբար, եթե այս առաքելությունը տեղակայվի առանց Ադրբեջանի համաձայնության, այն կարող է անարդյունավետ լինել։ Սահմանին վստահության ամրապնդման փոխարեն այն կարող է լրացուցիչ լարվածություն ստեղծել»,- ասել է Լավրովը։
Comments