Search

Աջակցող միջավայրը ծխախոտից զուրկ միջավայրն է. Ալեքսանդր Բազարչյան


Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել ասուլիս` նվիրված առանց ծխախոտի համաշխարհային օրվան:


Բանախոսներ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, փորձագետներ Դավիթ Պետրոսյանը, Սամվել Գրիգորյանն ու Արուս Հարությունյանը ներկայացրել են՝ ինչ բացասական ազդեցություն է ունենում ծխախոտը մարդկանց թոքերի վրա՝ քաղցկեղից մինչև քրոնիկ շնչառական հիվանդություններ և ինչ հիմնարար դեր են խաղում թոքերը մարդկանց առողջության և լավ ինքնազգացողության համար։


Առանց ծխախոտի համաշխարհային օրվա հիմնական թեման է «Ծխախոտը և թոքերի առողջությունը», որն իրազեկելուց բացի նաև գործելու կոչ է: Այն խրախուսում է ծխախոտի օգտագործման նվազեցմանն ուղղված արդյունավետ մարտավարությունները` ներգրավելով տարբեր ոլորտների շահագրգիռ կողմերի։


Ողջունելով հյուրերին` Ալեքսանդր Բազարչյանը նշել է, որ Առանց ծխախոտի համաշխարհային օրն առիթ է ամփոփելու կատարված աշխատանքները, մեկ անգամ ևս շեշտադրելու ծխախոտի օգտագործման վնասները:


«Այս օրը Հայաստանում նշվում է 2000 թվականից ի վեր և բազում քայլեր ու միջոցառումներ են իրականացվել ուղղված ծխախոտի օգտագործման նվազեցմանը»,- ընդգծել է Ալեքսանդր Բազարչյանը:


Ծխախոտի օգտագործումը թոքի քաղցկեղի հիմնական պատճառն է, ինչը կազմում է ամբողջ աշխարհում թոքի քաղցկեղի հետևանքով մահացությունների երկու երրորդը։ Երկրորդային ծխի ներկայությունը տանը կամ աշխատավայրում նույնպես բարձրացնում է թոքի քաղցկեղի առաջացման վտանգը։


Այն երեխաները, որոնք մոր ակտիվ կամ պասիվ ծխելու հետևանքով ներարգանդային շրջանում ենթարկվել են ծխախոտի ծխում առկա տոքսինների ազդեցությանը, հաճախ ունենում են թոքերի աճի և ֆունկցիայի նվազում։


Արուս Հարությունյանը նշել է, որ ամեն տարի ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվան խորագիր է վերագրվում ու այս տարի այն նվիրված է թոքերի առողջությանը: Նա անդրադարձել է Հայաստանի ամերիկայան համալսարանի կողմից արված հակածխախոտային աշխատանքներին և ասել, որ հենց այդ խորագրով էլ ընդառաջ են գնում:


Հայաստանում չափահաս ծխողների թվաքանակը կազմում է 591 000՝ 2017 թվականի տվյալներով: Հիմք ընդունելով այն` ԱՀԿ-ը գնահատել է, որ ավելի խիստ քաղաքականություն չկիրառելու դեպքում նրանց կեսից ավելին կմահանան վաղաժամ տարիքում: Կանխատեսումների համաձայն, ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված վաղաժամ մահվան դեպքերը կկազմեն 295 500:


Սամվել Գրիգորյանը, բերելով անձական օրինակներ, ասել է, որ կենսաբանական և հոգեբանական կախվածությունից բացի կա միջավայրի ճնշում, և շեշտել է աջակից շրջապատ ունենալու կարևորությունը:


«Ինչքան ծխողը ճնշվի շրջապատի ագրեսիվ մոտեցումով, այդքան ծխելը թարգելը դժվար կլինի», - ասել է նա:


Ալեքսանդր Բազարչյանը լրացրել է վերջինիս խոսքը. «Աջակցող միջավայրը ծխախոտից զուրկ միջավայրն է»:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia