ԱՊՀ-ում անհրաժեշտ է նոր գիտատեխնիկական համաձայնագիր. Մհեր Գրիգորյան
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ս.թ. հոկտեմբերի 28-ին մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով: Նախքան նիստի մեկնարկը ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի անդամները հանդիպում են ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթում, մասնավորապես, նշել է. «Կառավարությունների հարգելի ղեկավարներ, Օգտվելով առիթից՝ կուզենայի իմ երախտագիտությունը հայտնել ղազախստանյան մեր ընկերներին և անձամբ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նախագահ, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովին՝ ավանդական ջերմ ընդունելության և, ԱՊՀ-ում Ղազախստանի նախագահության առաջնահերթություններին համապատասխան, ԱՊՀ ներուժի լիարժեք իրացմանն ուղղված ջանքերի համար։ Նաև շնորհավորում եմ Ակիլբեկ Ժապարովին գալիք նախագահության կապակցությամբ և մաղթում բեղմնավոր աշխատանք։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՊՀ գործադիր կոմիտեին և անձամբ Սերգեյ Լեբեդևին՝ գործադիր կոմիտեի ուղղությամբ կատարած աշխատանքի և այսօրվա հանդիպման կազմակերպմանը մասնակցելու համար։ Վերջերս պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մեր երկրների ղեկավարներն ընդունել են որոշումներ՝ ուղղված ԱՊՀ շրջանակներում համագործակցության հետագա զարգացմանը։ Ընդհանուր առմամբ դրական գնահատելով այս տարի կատարված աշխատանքը՝ ընդգծեմ, որ ներկա տնտեսական պայմաններում առանձնահատուկ նշանակություն ունեն մակրոտնտեսական ռիսկերի մեղմմանն ուղղված ջանքերի համատեղումը, ինչպես նաև հնարավոր ֆինանսատնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված նպատակային միջոցառումների իրականացման ուղղությամբ աշխատանքները: Այս համատեքստում ընդգծեմ «ԱՊՀ մասնակից պետությունների՝ ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» համաձայնագրի նախագծի նախապատրաստման ուղղությամբ կատարված աշխատանքը, որի իրականացումը կարևոր գործոն կդառնա ԱՊՀ մասնակից պետությունների ազգային տնտեսությունների աճի համար։ Առաջիկայում շոշափելի արդյունքի հասնելու համար Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այս ուղղությամբ արդյունավետ երկխոսության։ Բարձր, գիտատար և մրցունակ տեխնոլոգիաների ստեղծումն ու զարգացումը առաջնահերթություն է տնտեսական աճի ապահովման համար։ Միաժամանակ առանցքային նշանակություն ունեն տեխնոլոգիական զարգացման նախագծերի մշակումն ու իրականացումը։ Վստահ եմ, որ բարձր տեխնոլոգիական նախագծերի հետևողական իրականացումը շոշափելի տնտեսական արդյունք կտա և կնպաստի ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանը։ Գիտական ներուժի ինտեգրումը, այս ոլորտում առկա ավանդական կապերի խորացումն ու ընդլայնումը, ԱՊՀ երկրների փոխգործակցությունը գիտատեխնիկական և նորարարական ոլորտներում կարող են լրացուցիչ խթանի դեր խաղալ տեխնոլոգիական զարգացման ապահովման գործում։ Թվայնացումը, նորարարությունները և նորագույն տեխնոլոգիաները ՀՀ կառավարության կողմից համարվում են արդյունավետ պետական կառավարման համակարգի ստեղծման, բարենպաստ գործարար միջավայրի ապահովման և տնտեսական աճի խթանման կարևորագույն գործիքներ։ ԱՊՀ շրջանակներում գիտատեխնիկական ոլորտում այսօր կա և գործում է միակ հիմնարար փաստաթուղթը՝ «Համագործակցության մասնակից պետությունների ընդհանուր գիտատեխնիկական տարածքի ստեղծման մասին» 1995 թվականի նոյեմբերի 3-ի համաձայնագիրը։ Այս առումով նպատակահարմար է թվում մտածել այնպիսի փաստաթղթի մշակման մասին, որը հաշվի կառնի նոր տեխնոլոգիական մարտահրավերները, ինչպես նաև գիտական, տեխնիկական և տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային լավագույն փորձը, ինչը թույլ կտա ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսություններին հասնել նոր մրցակցային մակարդակի: Այս համատեքստում մենք աջակցում ենք ԱՊՀ մասնակից պետությունների գիտատեխնիկական և տեխնոլոգիական համագործակցության հայեցակարգի և դրա իրականացման համար Գործողությունների ծրագրի ընդունմանը, ինչը դրականորեն կազդի Համագործակցության շրջանակներում բնակչության աճող սոցիալ-տնտեսական կարիքները բավարարող և ժամանակակից տեխնոլոգիական մարտահրավերներին դիմակայող միջպետական գիտական և տեխնոլոգիական միասնական տարածքի զարգացման վրա:
Comments