Աշխարհի 48 երկրներ հատկապես խոցելի են պարենային ճգնաժամի նկատմամբ․ ԱՄՀ
Համաշխարհային պարենային ճգնաժամը հաղթահարելու համար մինչեւ 20 երկիր կարող է շտապ օգնության կարիք ունենալ: Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան՝ ելույթ ունենալով Սաուդյան Արաբիայում կայացած համաժողովում՝ հավելելով, որ արաբական աշխարհում 141 միլիոն մարդ տառապում է պարենային անվտանգության բացակայությունից, հայտնում է Reuters-ը։ Նրա խոսքով, աշխարհի 48 երկրներ հատկապես խոցելի են պարենային ճգնաժամի նկատմամբ։ «48 երկրներից մոտ 10-20-ը, ամենայն հավանականությամբ, կդիմեն (հրատապ օգնության համար)»,- ասել է Գեորգիեւան՝ հավելելով, որ «դրանցից շատերը» գտնվում են Աֆրիկայում՝ Սահարայից հարավ: Գեորգիեւան հայտարարել է, որ Պարսից ծոցի արաբական երկրները «ծրագրում են շուտով հավելյալ պարտավորություններ ստանձնել» պարենի համաշխարհային ճգնաժամը մեղմելու համար 10 միլիարդ դոլար սկզբնական հատկացման մասին Արաբական համակարգող խմբի վերջին հայտարարությունից հետո: ԱՄՀ-ն եւ Սաուդյան Արաբիան երկուշաբթի համաձայնագիր են ստորագրել՝ Էր Ռիադում ԱՄՀ-ի տարածաշրջանային գրասենյակ ստեղծելու մասին։
Comments